Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2009 00:00

ԿՐԿԻՆ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ» ՄԱՍԻՆ

Երբ իրերին նայում ես ոչ առաջին հայացքով

Երեւի մեկ ամիս կլինի, ինչ հայկական հեռուստաընկերություններից մեկն ու «Ազգային մրցունակության խորհուրդը» սկսել են առաջին հայացքից անմեղ եւ դեռ ազգանվեր մի ակցիա. առաջարկում են հզորացնել «հայկական գործոնը» (ձեւակերպումն իրենցն է, եւ նկատի ունեն Հայաստանն ու հայերին ի սփյուռս աշխարհի): Նախաձեռնության հեղինակները բոլոր հայերին առաջարկում են՝ որտեղ էլ որ լինեն, աշխարհի որ ծայրում էլ որ լինեն, գնումներ կատարելիս նախապատվություն տան Հայաստանում արտադրված ապրանքներին: Սույն նախաձեռնությունը շատ է հիշեցնում տարիներ առաջ իրականացվող «Օգնենք մեզ, գնենք մերը» գովազդային ակցիան եւ առաջին հայացքից գովելի նախաձեռնություն է, բայց…

Ես չգիտեմ, նախաձեռնության հեղինակները որեւէ երկրի փո՞րձն են ընդօրինակում, թե՞ աննախադեպ մի բան են ուզում, բայց ոչ առաջին հայացքով նայելիս տեսնում եմ, որ ակցիան հաստատ ի շահ մեր հասարակության չէ:

Անգամ ԱՄՆ-ի նման հզոր պետությունն է ամեն տարի պետական բյուջեում առանձին տողով գումարներ է նախատեսում հայրենական արտադրության ապրանքները տարատեսակ ձեւերով գովազդելու համար: Գերմանիան այնքան լավ է կազմակերպել այդ գործը, որ գերմանական առանձին ապրանքների մինչեւ 80%-ը սպառվում է հենց երկրի ներսում: Ու այստեղ է մեր ու նրանց տարբերությունը: Գերմանիան կամ ԱՄՆ-ը հայրենական արտադրության ապրանքների բարձր սպառում են ապահովում որակի եւ միայն որակի հաշվին: Իսկ մերոնք ոչ մի բառ չեն ասում որակի մասին եւ մի քանի անգամ ընդգծում են հայկականը գնելու կարեւորությունը՝ վասն հայկական գործոնի: Բայց ինչո՞ւ պետք է ես կամ որեւէ այլ հայ գնի հայկական արտադրության որեւէ ապրանք, եթե այն իր որակով զիջում է ճապոնականին կամ ֆրանսիականին: Անշուշտ, ես հայկական արտադրության ապրանքներ գնում եմ, օրինակ՝ մսամթերք, կաթնամթերք, բնական հյութեր: Բայց կան ապրանքներ, որոնց հայկականը չեմ գնում, որովհետեւ դրանց «օտարերկրացի» տարբերակները ավելի որակով են: Ես կողմ եմ հայկական գործոնի հզորացմանը, բայց ինչո՞ւ պետք է ես իմ աշխատավարձը ծախսեմ մի բանի վրա, որը չի համապատասխանում իմ ճաշակին կամ որակի իմ չափանիշներին: Ոչ ոք նման բան չի անի, այդ թվում եւ հայկական գործոնը հզորացնելու նախաձեռնության հեղինակները: Հայաստանը հզորացնելու առավել արդյունավետ եւ պակաս վիճահարույց տարբերակ կա: Կարելի է սկսել ընտրությունները չկեղծելուց կամ գոնե կեղծարարներին պատժելուց:

Հայկական գործոնը հզորացնելու նախաձեռնության հեղինակները «մոռանում» են որակի մասին, այլ խոսքով՝ առաջարկում են համակերպվել ոչ բարձր մակարդակի հետ: Այլ խոսքով, նախաձեռնության հեղինակները, որ «ազատ եւ պատասխանատու» լինելով՝ մեր քաղաքական անորակության հետ համակերպվելու եւ քաղաքական անորակությունը բարձր որակի տեղ մատուցելու մեծ վարպետ են, որոշել են մեզ պարտադրել համակերպվել նաեւ տնտեսական անորակության հետ՝ արդեն ոչ թե միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս: Իսկ քաղաքական անորակությունը ծնում է հոկտեմբերի 27, ապրիլի 12, մարտի 1, կեղծվող ընտրություններ, լրագրողների ծեծ, քրեական «ռազբորկաների» ժամանակ զոհվող անմեղ մարդիկ, իրենց խան ու քյոխվա համարող գյուղապետեր: Նույն անորակությունը տնտեսական կյանքում ծնում է մենաշնորհներ, օլիգարխ-պաշտոնյաներ կամ պաշտոնյա-օլիգարխներ, «տանիք» աշխատող եւ «անտանիք» ձեռնարկությունները ասպատակող հարկային տեսուչներ…

Նախաձեռնության հեղինակները հայտարարում են, որ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի Հանրապետության, եւ ես հիշեցի հայտնի ասույթն այն մասին՝ թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը: Իսկ ընդհանրապես, հայկական գործոնը հզորացնելու պարզ ու 100 տոկոսանոց արդյունք ապահովող միջոց կա. հարկ է միայն լինես քո տեղում ու բարձր որակով անես քո աշխատանքը:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել