«Առավոտը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի որոշ շրջաններում տեղացել է առաջին ձյունը: Ըստ Արագածոտնի մարզպետարանի, Արագածոտնի մարզի լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերում տեղացած ձյունը 15-17 սմ շերտով ծածկել է ցանքատարածությունները ու թեեւ ցրտահարություն չի արձանագրվել, սակայն դժվարին կացության մեջ են հայտնվել հացահատիկի մշակությամբ զբաղվող բարձրլեռնային համայնքները: Լեռնային բնակավայրերում հացահատիկի բերքահավաքը ավելի ուշ է կատարվում եւ այս տարվա անձրեւառատ եղանակն ու առաջին ձյունը խանգարում են բերքահավաքին: Շուրջ 2073 հեկտար դեռ չի հավաքվել՝ հողի խոնավությունը թույլ չի տալիս կոմբայններին մտնել դաշտեր: Ըստ մարզպետարանի, հացահատիկի մշակությամբ զբաղվող 22 համայնքները բերքի շուրջ 70%-ը կորցնելու են եւ մոտ 290 միլիոն դրամի վնաս են կրելու: