ՀՀ տարածքային նախարարությունից տեղեկացանք, որ նախարար Արմեն Գեւորգյանը եւ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը շաբաթ օրը այցելել են Եղվարդի հարեւանությամբ գտնվող կիսակառույց ջրամբարի տարածք: Ջրամբարի համար նախատեսված էր 1049 հա տարածք, որից շուրջ 700-ը պետք է կազմեր լճի հայելին: Սակայն կիսակառույց ջրամբարը ավարտին հասցնելու համար ֆինանսներ չկան ու հրապարակ է իջել այլ տարբերակ. քննարկվում է կիսակառույցի տարածքում գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների արդյունավետ օգտագործման հնարավորությունը, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման համար։ Մեր տեղեկություններով, կիսակառույց ջրամբարը ավարտին հասցնելու համար փող չի ճարվում, քանի որ այս տարածքներում սեփական գյուղատնտեսական բիզնեսը ծավալելու ցանկություն ունի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: