Արդեն մեկ ամիս է՝ 2009-2010 ուսումնական տարին մեկնարկել է, բայց Սյունիքի մարզի կրթօջախներում շատ աշակերտներ որոշ առարկաների դասագրքեր չեն ստացել եւ ստիպված օգտվում են համադասարանցիների գրքերից: Հիմնականում տարրական դասարանների դասագրքերի խնդիր է առաջացել, ինչն էլ պայմանավորված է նոր ուսումնական տարում այս դասարաններում աշակերտների թվի ավելացմամբ: «Մենք հիմնականում խնդիր ունենք տարրական դասարաններում պետության կողմից տրամադրվող անվճար դասագրքերի հետ: Դասագրքերը դպրոցներին տրամադրվում են երկու կամ երեք տարին մեկ, իսկ այս տարի մեզ մոտ երկրորդ դասարանում սովորող աշակարտների թիվը նախանցած տարվա համեմատությամբ ավելացել է 588-ով, եւ դասագրքերի խնդիր է առաջացել: Երկու տարի առաջ մեր կրթօջախներում ունեցել ենք երկրորդ դասարանի 750 աշակերտ, այս տարի՝ 1338»,- ասում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը:
Ըստ մեր զրուցակցի, մարզի որոշ կրթօջախներում, որտեղ աշակերտների թվի աճ կա, մայրենի լեզու եւ մաթեմատիկա առարկաներից 300-ական դասագրքերի պահանջ կա, եւ մարզպետարանը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Պատասխան դեռ չկա: Նույն խնդիրը ներկայացվել է օրերս աշխատանքային այցով Սյունիք այցելած ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Առաջիկայում կպարզվի՝ Սյունիքին դասագրքերի լրացուցիչ քանակ կտրամադրվի՞, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ տարրական դասարանի երեխաները ստիպված կլինեն դասերը պատրաստել հերթով՝ համադասարանցիների գրքերից օգտվելով: