Թուրքիայում հայ մարմնավաճառների գոյությունը սահմանը բացելու խոչընդոտ չէ, պարզապես պետք է ասել «ես հայ եմ եւ հպարտ եմ», վստահ է արմավիրցի երիտասարդը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ի նախաձեռնած հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների մարզային քննարկումները, ըստ հ/կ-ի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի, բուռն են ընթանում, ու բացառություն չէր նաեւ Արմավիրը, ուր կազմակերպվել էր այս շարքի վերջին հանդիպումներից մեկը: Հիշեցնենք, որ մինչ այդ քննարկումներ եղել էին արդեն Եղեգնաձորում, Սիսիանում, Մարտունիում, Դիլիջանում, Արտաշատում:
Քննարկման մասնակիցներն իրենց մտավախությունը հիմնավորում են Արձանագրությունների անհասկանալի տեքստով, որի տակ էլ հենց թաքնված նախապայմաններ են տեսնում: Արմավիրի մարզի Թուրքիային սահմանամերձ Այգեշատ համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանը, չնայած 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը ճիշտ չի համարում, բայց մեծ վտանգ է տեսնում նախապայմաններով բացելու պարագայում: «Դա չպետք է լինի մեր քաղաքական շահերի, հայ դատի հետապնդումը զոհաբերելու գնով: Չնայած Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներն ասում են, որ որեւէ նախապայման չկա, բայց ես համոզված եմ, որ Արձանագրություններում կան թաքնված նախապայմաններ: Նախ՝ սահմանի բացումն ինքնին նախապայման է: Ինչո՞ւ սահմանը պետք է երկկողմ բացվի, եթե միակողմանի է փակվել: Թող բացի այն կողմը, որը փակել է: Հայաստանը սահման բացելու խնդիր չունի»,- վստահ է Այգեշատի գյուղապետը: Նա դեմ է նաեւ Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնախմբի ստեղծմանը, ինչի գոյությունն արդեն իսկ կասկածի տակ է առնում ցեղասպանության փաստը. «Սրանով մենք միջազգային հանրության, մի քանի տասնյակ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես քննության առարկա ենք դարձնում»:
Այգեշատ համայնքի ղեկավարի կարծիքով՝ նախապայմաններից մեկն էլ սահմանների փոխադարձ ճանաչումն է: «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում դա էական չէ: Աշխարհում հարյուրավոր երկրներ կան, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեն, բայց սահմանները ճանաչելու խնդիր չեն դրել»: Անդրադառնալով Թուրքիայի հետ տնտեսական, մասնավորապես՝ գյուղատնտեսական հարաբերություններ հաստատելուն, նկատեց. «Թուրքական պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսությունը գրավելու է մեր փոքրիկ շուկան, որովհետեւ մեր արտադրած ապրանքն իր բարձր ինքնարժեքով չի կարող մրցունակ լինել Թուրքիայից ներմուծվող ցածր ինքնարժեքով, էժանագին ապրանքների կողքին: Եթե սահմանը բացվի, մենք ակնկալում ենք, որ այս հարցը պետության խիստ հսկողության տակ կառնվի»:
Տրամագծորեն հակառակ տեսակետ արտահայտեց Էջմիածնի հիվանդանոցի բժիշկ Հարություն Ավետիսյանը. սահմանի բացումը շահեկան կլինի հայկական կողմի համար թե տնտեսական, թե քաղաքական տեսանկյունից: «Այսօր որոշակի ապրանքներ ներկրելու կամ արտահանելու համար օգտվում ենք Վրաստանի կամ Իրանի ճանապարհներից, ինչի պատճառով մի քանի անգամ թանկանում է ապրանքի գինը: Սահմանի բացումը կկրճատի ոչ միայն ճանապարհը, այլեւ՝ կէժանանա ապրանքը: Դրանով սոցիալական հարց կլուծվի՞, կլուծվի: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական շահին, կարծում եմ, որ հայ-թուրքական հաճախակի շփումները հնարավորություն կտան Ցեղասպանության հարցը լուծել բանակցային սեղանի շուրջ»,- նկատեց Հարություն Ավետիսյանը: Բժիշկը մտավախություն չունի, որ պատմությունը կկրկնվի եւ, որ հայը նորից թուրքի լծի տակ կհայտնվի: «Մտավախությունը կարող ենք պարսիկների դեպքում էլ ունենալ, եթե մի փոքր պատմական էքսկուրս անենք: Բայց, ինչպես տեսնում եք՝ նորմալ հարաբերություն ունենք նրանց հետ: Իսկ թուրքի կոտորածը հիշում ենք, որովհետեւ 15 թիվն ավելի մոտ է մեր ժամանակաշրջանին, քան Հազկերտի կամ Շապուհի ժամանակները, երբ հայերը կրոնի առումով նրանցից հալածյալներ էին»:
Հանրային քննարկումները կարեւորելով՝ մտավորական Ռուզան Արիստակեսյանն էլ առաջարկեց, որ միաժամանակ ստեղծվի նաեւ միջազգայնագետներից, դիվանագետներից ու պատմաբաններից կազմված պրոֆեսիոնալ հանձնաժողով, որը կետ առ կետ կքննարկի այդ Արձանագրություններն ու կներկայացնի հանրությանը: Մտավորականը գտնում է, որ ժամանակակից աշխարհում չի կարելի ապրել մեկուսի. «Պիտի մտածենք սոցիալ-տնտեսական շահերի մասին, որոնք, սակայն, չպետք է վեր լինեն մեր ազգային հիմնախնդիրներից: Մեկը մյուսի հաշվին չպետք է լուծվի: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ փաստաթղթի որեւէ վավերացում չի կարող լինել, եթե, Աստված չանի՝ նժարի վրա Ցեղասպանության ճանաչման ու Ղարաբաղի խնդիրներն են դրվել»: Ռուզան Արիստակեսյանին անհանգստացնում է նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հնարավոր սրումը: «Չնայած այդ սեպը ես դեռ չեմ տեսնում, բայց ամեն ինչ պետք է արվի հետագայում դրանից խուսափելու համար: Այս հարցում պետք է համահայկական որոշում լինի»,- ասաց նա:
Իրենց տեսակետների մեջ ավելի կտրուկ էին երիտասարդները: Արտակ Առաքելյանը, օրինակ, կոնկրետ քայլերից վախեցողներին հորդորում էր: «Թող ամեն հայ իր կյանքը ճիշտ ապրի՝ իր երեխային ճիշտ դաստիարակի, ազգային արժեքները պահպանի եւ, կարծում եմ՝ վախենալու ոչինչ չի ունենա, հատկապես՝ ուծացման հարցում: Ինչո՞ւ պետք է թուրքն իր երեխային ամեն առավոտ կրկնել տա՝ «ես թուրք եմ եւ հպարտ եմ», իսկ մեր ծնողները գոնե ամեն ուսումնական տարվա սկզբին մի ծաղիկ էլ երեխային չտան, որպեսզի դնեն այն ազատամարտիկի կիսանդրուն, որն իրենց դպրոցի բակում է ու որի անունով կոչվում է իր դպրոցը: Չե՞ք կարծում, որ մեր վախն այստեղից է գալիս: Փոխանակ Թուրքիայում իրեն վաճառած ու հարստացած հայուհուն մեծարելու, քավորկին դարձնելու, սեղանների պատվավոր տեղերում նստեցնելու, եկեք ազգովի մերժենք նրանց, արհամարհենք, բանի տեղ չդնենք: Հիմա, ինչ է թե՝ 100-ից մի հայ կին իրեն այդպես է պահում, վախենա՞նք սահմանը բացելուց… Ես կարծում եմ, որ, թեկուզ ռիսկը մեծ է, բայց պետք է դրան գնալ»: Արտակ Առաքելյանի կարծիքով՝ սահմանների բացումը թույլ կտա նաեւ Եղեռնի թեման բարձրացնել ոչ թե 3-րդ, 4-րդ երկրների միջնորդությամբ, որոնք դա անում են իրենց շահերից ելնելով, այլ՝ երես առ երես: Այս երիտասարդը կարծում է, որ եթե ուզում ենք աշխարհին ներկայանանք մեր տնտեսությամբ, մեր գրականությամբ ու մշակույթով, համաշխարհային բարիքներն էլ մեր ազգային ու պետական շահերին ծառայեցնենք, ուրեմն պետք է ընդլայնենք շփման եզրերը, անգամ այնպիսի վտանգավոր հարեւանի հետ, ինչպիսին Թուրքիան է: