Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը կդանդաղեցնի զարգացումը էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ կկրկնապատկի էլեկտրաէներգիայի սպառողական սակագները: Ըստ «Արմինֆոյի», երեկ Երեւանում բացված Վերականգնվող եւ մաքուր էներգիայի 4-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել անկախ փորձագետ Ռուբեն Աբրահամյանը:
Նա նշել է, որ նոր էներգաբլոկի շինարարության գործում ներդրումները, ըստ նվազագույն հաշվարկների, կկազմեն 5 մլրդ դոլար, մինչդեռ Հայաստանի էներգետիկ ճյուղի տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 300 մլն դոլար: Բացի այդ, հաշվի առնելով էներգիայի սպառման ներկա ծավալը, նոր բլոկը կաշխատի մոտ 45-50 տոկոս թերբեռնված: «Երկու նշված գործոնները կհանգեցնեն էլեկտրականության սպառողական սակագների ավելի քան կրկնակի աճի, ինչն էապես կնվազեցնի էներգիայի սպառումը, որի վրա արդեն իսկ ազդել է համաշխարհային ճգնաժամը»,- հայտարարել է Ռ. Աբրահամյանը: Եթե հաշվի առնենք, որ նոր էներգաբլոկի հզորությունը պետք է կազմի 1000-1200 ՄՎտ, ապա շինարարությունում անգամ 5 մլրդ դոլար ներդրումների դեպքում էլեկտրաէներգիայի արժեքը կհասնի 14-15 ցենտի՝ 1 կՎտ/ժամի դիմաց: «Դա արտադրվող էլեկտրաէներգիան միանգամայն անմրցունակ կդարձնի արտաքին շուկաներում: Եթե այսօր Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնում 1 կՎտ-ն 6 ցենտից փոքր-ինչ ավելի գնով, նախընտրելով գնել թեկուզ Ռուսաստանից, սակայն՝ 5 ցենտով, ապա 14-15 ցենտի դեպքում անիմաստ կդառնան արտահանման բոլոր փորձերը»,- նշել է Ռ. Աբրահամյանը: Փորձագետի կարծիքով, հայկական ԱԷԿ-ի գործող հզորությունների փոխարեն ավելի նպատակահարմար է գործարկել շոգեգազային գեներատորներ, որոնց արժեքը մի քանի անգամ պակաս է ներկայիս հզորության միջուկային ռեակտորների արժեքից: