Արշակունյաց փողոցի երկարությամբ՝ Կրկեսից մինչեւ 1-ին մաս ընկած հատվածում, գոյություն չունեն մեքենաների արագությունը սահմանափակող նշաններ, ինչպես նաեւ չկան դպրոցի, առեւտրի կենտրոնի կամ հարակից տարածքներում այլ օբյեկտների մասին վկայող ցուցիչ նշաններ: Այդ նշանների բացակայության պատճառով էլ փողոցը նմանվում է ավտոմրցարշավի վազքուղու: Օրերս նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել տրանսպորտի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ինժեներ Էդիկ Համբարձումյանը: Ըստ նրա, ցուցիչ նշանների բացակայությունը կարող է հանգեցնել վթարների: Ինչ վերաբերում է քաղաքի մյուս մասերում տեղադրված նշաններին, ապա, ըստ Է. Համբարձումյանի, դրանց մեծ մասը տեղադրված չէ ճիշտ տեղում, ցուցատախտակների վրայի գրվածներն էլ երբեմն խիստ անհասկանալի են. թե վարորդը եւ թե հետիոտնը չեն հասկանում դրանց նշանակությունը: