ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության՝ Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից Մհեր Հովհաննիսյանի կողմից շորթմամբ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2009 թ. հուլիսի 2-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Կ. Դյոմենը: Վերջինից կաշառք շորթելու նպատակով ոստիկանության նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ. Հովհաննիսյանը գաղտնի է պահել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունն ընտրված լինելու հանգամանքը եւ պահանջել 1000 ԱՄՆ դոլար՝ չկալանավորելու համար: Կ. Դյոմենը համաձայնել է օպերլիազորի պահանջին եւ նույն օրը նրան փոխանցել կաշառքի մի մասը՝ 180 135 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլարը: Կաշառքի մնացած 500 դոլարից մի մասը՝ 74 068 դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլարը Կ. Դյոմենը Մ. Հովհաննիսյանին է հանձնել 2009 թ. հուլիսի 31-ին, ինչը նույն պահին հայտնաբերել եւ առգրավել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Օպերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան: