Տեղական արտադրողին թեւ ու թիկունք կանգնելու համար մեր կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել «Ակցիզային հարկի մասին» օրենքում, ըստ որի՝ խմիչքի ներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է ավելի շատ ակցիզային հարկ վճարեն, քան տեղական արտադրողները: Օրինակ, ներքին արտադրողի համար գարեջրի 1 լիտրի ակցիզային հարկի դրույքաչափը 70 դրամ է, իսկ ներմուծողի դեպքում՝ 105 դրամ, կամ, ասենք, վերմուտ եւ խաղողի այլ գինիներ ներկրելիս ակցիզային հարկի դրույքաչափը 600 դրամ է, իսկ ներքին արտադրողի համար՝ 500 դրամ: 2009-ին ընդունված այս օրենքը գործարարներից ոմանց կարծիքով չի խրախուսում տեղական արտադրողին: Օրենքի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը այսպիսի կարծիք հայտնեց. «Մենք 2000 թվականից ընդունել ենք օրենք, որ տեղում, այսինքն՝ մեր տեղական արտադրողը ամեն տարի պետք է վճարի լիցենզիոն տուրք: Բացի գինուց, մնացած խմիչքների համար տարեկան 15 միլիոն դրամ տուրք ենք մուծում։ Իսկ ներկրողներն ընդհանրապես ազատված են դրանից։ Տեղական արտադրողը պետք է զինված լինի ժամանակակից սարքավորումներով, իսկ ներկրողները՝ նման խնդիր չունեն։ Նրանց ընդամենը պետք է դրսից ներմուծել եւ մեր շուկայում աշխատել։ Ես չեմ կարծում, որ այսքանով հանդերձ, մենք առայժմ խրախուսում ենք տեղական արտադրողին»։ Անդրադառնալով տեղական եւ ներկրվող խմիչքների որակական տարբերությանը, Մ. Ղազարյանն ասաց. «Համամիտ եմ, որ կա անվստահություն տեղական արտադրողի նկատմամբ, այստեղ ես չեմ կարող մեղադրել մեր սպառողին, քանի որ կան նաեւ արտադրողներ, որոնք տարբեր ապրանքներ են կեղծում կամ աշխատում են էժան շուկայի վրա եւ անորակ արտադրանք են տալիս։ Սակայն ես կարող եմ վստահ ասել, որ մեր տեղական բազմաթիվ օղիներ ոչ մի բանով չեն զիջում ներմուծված թեկուզ ամենաթանկարժեք օղուն։ Հնարավոր է, որ ապրանքային տեսքով զիջում են, բայց միջի պարունակությամբ հաստատ չեն զիջում»։