Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2009 00:00

Թամանյանի նախագծածը խեղաթյուրում են

Այս անգամ հերթական «էլիտարը», առանց քաղաքաշինական փաստաթղթերի, կառուցվում է Խանջյան փողոցում:

Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքերը կառուցվել են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Ըստ այդ նախագծի, այնտեղ հիմնականում 5-6 հարկանի ցածր շենքեր են: Մինչդեռ այս օրերին Խանջյան 29 հասցեում «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերությունը 5 հարկանի շենքերի կողքին նոր «էլիտար» շենք է կառուցում՝ 14 հարկանի, որը լինելու է փողոցի այդ շարքի շենքերից 8 մետր առաջ, հետեւաբար խաթարելու է Խանջյան փողոցի ճարտարապետական ողջ տեսքը:

Այս առնչությամբ Խանջյան փ. թիվ 31 շենքի բնակիչներն «Առավոտին» իրենց դժգոհությունն են հայտնել, որ եթե իրենց շենքի հարեւանությամբ այդ բարձրությամբ շենք կառուցվի՝ իրենք արեւի լույսից կզրկվեն: Բացի այդ, ըստ բնակիչների, երբ տարիներ առաջ թիվ 31 շենքի նկուղային հարկում կառուցվեց «2×2» բար-սրճարանը, նկուղում կատարված շինաշխատանքների հետեւանքով շենքը դարձել է 3-րդ կարգի վթարային, ինչը հաստատում է նաեւ «Հայսեյսմշին» ընկերության եզրակացությունը:

Բնակիչների խոսքերով՝ «Եթե նոր բազմաֆունկցիոնալ շենքն էլ կառուցեն՝ մեր շենքը լրիվ կփլուզվի: Առանց այդ էլ մեր շենքի տնտեսական պատշգամբների ամրացումները շատ թույլ են եւ կարող են մի օր փլվել ցանկացած անցորդի գլխին: Բոլորս էլ գիտենք, որ Խանջյան փողոցը բավականին մարդաշատ է եւ ավտոմեքենաներով ծանրաբեռնված, ու քանի որ նախագծով նախատեսված է մեր շենքի հարեւանությամբ նաեւ երկհարկանի ստորգետնյա ավտոտնակներ կառուցել, բավական է մի մեքենա անցնի, ու մեր վթարային շենքը կարող է մեծ անակնկալներ մատուցել «էլիտարի» բնակիչների համար»: Բնակիչները նաեւ դժգոհում էին, որ երբ նորակառույցի շինաշխատանքներն ավարտվեն, թիվ 31 շենքի բակի կողմից մուտքը չի կարող օգտագործվել, քանի որ այդ մասում չի լինի ճանապարհ ո՛չ ատոմեքենաների, ո՛չ էլ մարդկանց համար. «Այդ շենքը քաղաքաշինական եւ հակահրդեհային բոլոր նորմերի խախտումով է կառուցվում: Մենք դիմելու ենք բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ու ոչ մի դեպքում թույլ չենք տալու, որ «էլիտար բնակիչների» պատճառով խախտվեն մարդու եւ քաղաքացու մեր տարրական իրավունքները»:

Նշենք, որ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունն ի պատասխան բնակիչների բողոքների՝ փաստաթուղթ է տրամադրել, ըստ որի, Խանջյան 29 հասցեում «Լեւոն Ամիրխանյան» ընկերությունը բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու ոչ մի իրավունք չունի եւ բոլոր շինաշխատանքները կատարում է ինքնակամ՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի: Այդուհանդերձ, տեսչությունից հայտնել են, որ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է խնդրի լուծման այսպիսի տարբերակ. թող Խանջյան 31 շենքի հիմքն ուժեղացնեն ու վթարայնությունը վերացնեն, այնուհետեւ Խանջյան 29 հասցեում թույլատրեն իրականացնել նոր բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը:

Չնայած տեսչության այսպիսի բազմանշանակ ու անորոշ պատասխանին, երեկ նշված հասցեում բանվորները, առանց թույլտվության, նորակառույցի հիմնային աշխատանքներն էին կատարում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել