Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՈՒՆԴԸ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Հոկտեմբեր 06,2009 00:00

Հակահիգիենիկ ու ընդհատակյա պայմաններում արտադրված քաղցրավենիքը ազատ վաճառվում է

Վերջերս Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ համատեղ, մայրաքաղաքում ընդհատակյա աշխատող հրուշակեղենի տասնյակ արտադրամասեր հայտնաբերեց, որոնք քաղցրավենիք էին պատրաստում հակահիգիենիկ պայմաններում: Հրուշակեղեն արտադրող այդ ընկերությունները, բացի այն, որ կիսով չափ ստվերում են գործել եւ հարկայինից եկամուտներ են թաքցրել, նրանց արտադրած քաղցրավենիքի տուփերից բացակայում էին արտադրման, պիտանելիության ժամկետների մասին մակնշումները եւ սպառողի համար այլ կարեւոր տեղեկատվություն՝ ինչպիսիք են արտադրող ընկերության հասցեն ու հեռախոսահամարները:

Մոտ 1 ամիս առաջ էլ իրավապահների կողմից հայտնաբերվեց «Արարատ» քաղցրավենիք արտադրող կոմբինատը, որը նույնպես չէր պահպանել սննդի անվտանգության չափանիշները, այսինքն՝ քաղցրավենիք էր արտադրել ոչ մաքուր պայմաններում: Չնայած այն բանին, որ այդ եւ նման պայմաններում արտադրություն կազմակերպող ընկերություններին տուգանել են եւ նախազգուշացրել՝ պայմանները բարելավել, այսօր մայրաքաղաքի մի շարք խանութներում նրանց արտադրանքը վաճառվում է: Տեղեկացանք, որ նշյալ ընկերությունը իր արտադրանքի մատակարարումը խանութներ՝ չի էլ դադարեցրել:

«Արարատի» քաղցրավենիքը մենք տեսանք «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում եւ Սունդուկյան 9 հասցեում գտնվող «Եվա եւ Սյուզի» ընկերության խանութում: Գյուլբենկյան 19 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետում վաճառողուհին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ բանից տեղյակ չեն, միայն գիտեն, որ ապրանքը բերում են «Արարատի» առաքիչները: Թե ինչու հակահիգիենիկ պայմաններում արտադրված քաղցրավենիքը խանութներից չի հավաքվում եւ, արդյոք, տվյալ ընկերությունը չի՞ խախտում սպառողների իրավունքները, Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե այն, ինչ ցույց են տվել հեռուստատեսությամբ, համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ «Արարատ» կոմբինատը հակահիգիենիկ պայմաններում է աշխատում, պիտի այդ քաղցրավենիքը շուկայից հավաքվեր եւ ոչնչացվեր: Վարչապետի որոշմամբ, Սննդի անվտանգության տեսչության աշխատանքները դժվարացել են, քանի որ նրանք պետք է կառավարությունից հատուկ թույլտվություն ստանան, որպեսզի այս կամ այն ընկեությունում ստուգումներ իրականացնեն, շուկայում նման դեպքերն ավելացել են, ավելացել է ժամկետանց սնունդը: Մայիսից մինչ օրս ոչ մի ժամկետանց կամ նման պայմաններում արտադրված արտադրանք չի ոչնչացվել»:

Մեր հարցին, թե «Արարատում» գյուղնախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուծության տեսչությունը ստուգումներ իրականացրե՞լ է, տեսչության պետ Գրիշա Բաղիյանը պատասխանեց, որ իրենք տվյալ արտադրամասում ստուգումներ չեն կատարել, քանի որ իրավունք չունեն. «Վարչապետի հանձնարարական կա, ըստ որի՝ 70 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող ընկերություններում մենք չենք կարող ստուգումներ իրականացնել»:

Արտադրողի շենքային պայմանների՝ հիգիենայի եւ այն տրանսպորտային միջոցի մաքրության համար, որով տեղափոխվում է արտադրանքը, պատասխանատու է Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարկային տեսչությունը: Այդ հիմնարկից էլ «Առավոտին» հայտնեցին, որ կուսումնասիրեն՝ նոր միայն կպատասխանեն:

«Առավոտը» փորձեց «Արարատ» կոմբինատի պատասխանատուներց պարզել, արդյոք, սկսե՞լ են արտադրանքը բարելավված պայմաններում արտադրել, թե՞ նախկին՝ անթույլատրելի պայմաններում արտադրված խմբաքանակն է խանութներ առաքվում: Զանգեցինք ընկերության արտադրանքի վրա նշված 2 հեռախոսահամարներով, սակայն օպերատորը պատասխանում էր, որ այդպիսի համարներ գոյություն չունեն: Չէր պատասխանում նաեւ տեղեկատուներից ձեռք բերած բջջային հեռախոսահամարը՝ 091 43 87 26: Այդ համարը նույնպես «գոյություն չուներ»:

Նշենք, որ ընկերության արտադրանքն այնքան էլ էժան չէ. միջին տուփի կոնֆետն արժե 600-700 դրամ: Իսկ համեմատաբար մեծ տուփերը՝ 1000-1300 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել