Երեկ Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գյումրեցի ոստիկաններին «խստորեն» հանձնարարել է չխնայել ոչ մի օրինազանցի՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Տեսնելով, որ իրեն նկարահանում են, ոստիկանապետն ավելի է ոգեւորվել ու շարք կանգնած ոստիկաններին հիշեցրել. «Օրենքի առջեւ բոլորը հավասար են, որտեղ բռունցք՝ ընտեղ բռունցքը վստահ խփում ու թեման ավարտում եք, չի կարելի թույլ տալ մարդու հետ բանակցել, որոշել, սպասել հետագա զանգերի, ով կզանգի, ինչ կմիջնորդեն, ձեր գործը արեք՝ ավարտեք: Եթե մեկը փորձի էս քաղաքում, էս տարածաշրջանում ցույց տա, որ ինքը որեւիցե բան է իրենից ներկայացնում, թող հաշվի նստի էս անգամ մեր հետ, որեւէ մեկի լակոտ չի կարող իրեն լավ զգալ»: Նա ամենայն հավանականությամբ ի նկատի է ունեցել այն, որ գյումրեցի ոստիկանները սովորույթ են դարձրել կոծկել Գյումրիի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց զավակների «հերոսությունները»: Ոստիկանապետը, լավ իմանալով, որ Շիրակի մարզային ոստիկանությունը ինչ վերաբերմունք ունի տեղի լրատվամիջոցների հանդեպ, խոստացել է այսուհետ հրապարակային դարձնել իրենց գործողությունները ու հանձնարարել է մարզային պատասխանատուներին շփվել լրագրողների հետ, անգամ նկարահանվել տեսախցիկների առջեւ: Ալիկ Սարգսյանը խոսել է նաեւ Շիրակի մարզում հանցագործությունների թվի աճի մասին, իսկ փակ խորհրդակցության ժամանակ, «Առավոտին» հասած տեղեկություններով, այս համակարգի շուրջ ավելորդ աղմուկ ստեղծելու համար նա նկատողություն էր արել Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանին: Հիշեցնենք, որ պաշտոնյան խոչընդոտել էր «Շանթ» հեռուստաընկերության աշխատանքը, իսկ երթեւեկության կանոնները խախտած մի երիտասարդի փոխարեն պատանդ էր վերցրել հորը, ահաբեկել, որի համար էլ նրա դեմ քրեական գործ է հարուցվել: