Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳՈՒՄԱՐ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ

Հոկտեմբեր 06,2009 00:00

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչը մեղադրվում է դատավորին կաշառք տալու պատրվակով գումար պահանջելու եւ հափշտակելու համար: Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունն արդեն հաստատել է եւ ուղարկել դատարան:

Համլետ Խաչատրյանը 1998-ից մինչեւ 2007թ. աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունում՝ որպես ոստիկան, իսկ 2007 թվականից՝ ՀՀ դատական դեպարտամենտում, որպես Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչ: Նախաքննության տվյալներով, որն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, Արաբկիրի բնակիչ Սլավիկ Այվազյանը հարեւան Մարտիրոս Ղանդիլյանի հետ ունեցել է քաղաքացիական վեճ՝ կապված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասն ու մուտքերն առանձնացնելու հետ: Հիշյալ քաղաքացիական գործը քննվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որով Սլավիկ Այվազյանի օգտին վճիռ կայացնելու համար Համլետ Խաչատրյանը պահանջել է 1500 դոլար՝ դատավորին փոխանցելու համար: Ս. Այվազյանը համաձայնել է եւ Հ. Խաչատրյանին տվել 518500 դրամին համարժեք 1700 ԱՄՆ դոլար գումար, որից 1500 ԱՄՆ դոլար գումարը՝ դատավորին տալու համար, իսկ 200 ԱՄՆ դոլարը՝ Համլետ Խաչատրյանին, որպես միջնորդավճար: Կարգադրիչը որեւէ գումար չի տվել դատավորին, չի եղել նաեւ նման պայմանավորվածություն: Ուղղակի նրա անունն օգտագործելով՝ հափշտակել է գումարը, որը նրան էր փոխանցվել հենց Արաբկիրի դատարանի շենքի մոտ՝ Սլավիկի մեքենայում: Նշենք, որ Մարտիրոս Ղանդիլյանի եւ Սլավիկ Այվազյանի միջեւ եղած քաղաքացիական գործով հօգուտ Ս. Այվազյանի վճիռ չի կայացվել, հարեւանները հաշտվել են եւ կնքել հաշտության համաձայնագիր: Հ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ քրեական գործը կքննվի հենց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել