Լրահոս
Օրվա լրահոսը

Քողարկել են հանցագործությունը

Հոկտեմբեր 06,2009 00:00

\"\"2009թ. ապրիլի 15-ին Գյումրի քաղաքի «Պրեստիժ» վաճառատան մոտ նույն քաղաքի բնակիչ Տիգրան Թադեւոսյանը ենթարկվել էր ծեծի, որի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից նա տեղափոխվել էր նախ՝ Գյումրու «Ճերմակ», ապա՝ Երեւան քաղաքի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել էր: Իսկ ոստիկանությունը տեղի ունեցածը անգամ չէր գրանցել, հետեւաբար չէր էլ փորձել լուրջ քայլեր ձեռնարկել՝ հանցագործությունը բացահայտելու համար:

«Առավոտը» նախկինում անդրադարձել էր այս դեպքին՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանների դեմ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ արդեն գտնվում է Շիրակի մարզի դատարանի վարույթում: ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի թիվ 1 բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Թափալցյանին եւ հետաքննիչ Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ոստիկանության փոխգնդապետը դեպքի օրը՝ ապրիլի 15-ին, ժամը 17-ի սահմաններում, բաժանմունքի տեսուչ-հերթապահից եւ օպերլիազորից տեղեկացել էր, որ բաժանմունքի հարեւանությամբ գտնվող «Լիլիա» գեղեցկության սրահից մարմնական վնասվածքներով բաժանմունք է բերվել Գյումրի քաղաքի 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանը: Ապա անձամբ զրուցել է նրա հետ, բայցեւայնպես չնկատելու է տվել պատանու դեմքի, գլխի եւ մարմնի այլ մասերում անգամ անզեն աչքով տեսանելի վնասվածքները, չի փորձել պարզել դրանց առաջացման իրական ծագումը եւ անգամ չի հանձնարարել գրանցել համապատասխան մատյաններում: Թեեւ «ՀՀ ներքին գործերի ստորաբաժանումներում հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ եւ այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու կարգի մասին» ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ ՆԳ նախարարի համատեղ հաստատված հրամանով՝ պարտադիր ենթակա են գրանցման ոչ միայն հանցադեպերը, այլ նաեւ պատահարները եւ 72 ժամվա ընթացքում որոշել հետագա ընթացքը: Այսինքն՝ եթե անգամ ընդունենք, որ իրոք պատանին բանավոր հայտարարել էր, թե մարմնական վնասվածքները ստացել է ընկնելու հետեւանքով, եւ փոխգնդապետը չի կարողացել տարբերակել ընկնելու հետեւանքով ստացված վնասվածքները՝ ծեծից, ապա միեւնույն է, նա պարտավոր էր գրանցել դեպքը՝ թեկուզ որպես պատահար եւ ապահովել հետաքննության կատարումը: Մինչդեռ ոչինչ չի ձեռնարկել: Տիգրանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր բաժանմունքից դուրս գալուց անմիջապես հետո:

Տիգրանի հարազատները նրան փոխադրել են Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ, իսկ հաջորդ օրը՝ Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ նա ապրիլի 26-ին, ժամը 18:00-ին, ստացած մարմնական ծանր վնասվածքների՝ գանգուղեղային վնասվածքով պայմանավորված գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարման հետեւանքով մահացել է: Իսկ Ա. Թափալցյանը, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, չի գրանցել նաեւ Տիգրանի մարմնական վնասվածքներով եւ առողջական վիճակի վատթարացմամբ հիվանդանոց ընդունելու վերաբերյալ «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի տնօրենից ապրիլի 15-ին, ժամը 19:45-ի սահմաններում անձամբ ստացած հեռախոսային հաղորդումը: Հետեւաբար, կրկին քննություն չի տարվել: Իսկ երբ Երեւանի ոստիկանության՝ Քանաքեռ-Զեյթուն բաժնի աշխատակիցները Միքայելյանի անվան հիվանդանոցից ստացած ահազանգի հիման վրա սկսել են նախապատրաստել նյութեր, իր անգործությունը քողարկելու համար հերթապահ մասին հանձնարարել է թիվ 2 մատյանում գրանցել դեպքը, ապա իր ենթականերին դրդել է պաշտոնեական կեղծիքի: Նրա պատճառով հետաքննիչ Ս. Սարգսյանը աղավաղել է ապրիլի 17-ին կազմած «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի ընդունարանի «Դատական դեպքերի գրանցման մատյանի» զննության արձանագրությունը եւ նրանում դիտավորությամբ չի մտցրել Տիգրան Թադեւոսյանի՝ ապրիլի 15-ին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ հիվանդանոց ընդունելու մասին ոստիկանությանը հեռախոսային հաղորդում հղելու փաստը հաստատող գրառումը: Նա կեղծել է նաեւ արձանագրության կազմման ամսաթիվը, նշելով հետին՝ ապրիլի 16-ի ամսաթվով: Պատռվել է նաեւ տուժողի մայր Ջավահիր Սերոբյանից վերցրած բացատրության արձանագրությունը եւ կազմել իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ նոր արձանագրություն, որում չի նշվել դեպքից հետո Տիգրան Թադեւոսյանի Գյումրու ոստիկանության բաժանմունքում գտնվելու հանգամանքը, այլ արձանագրել է, թե իբր Տիգրան Թադեւոսյանը «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ է տեղափոխվել փողոցից:

Մի խոսքով՝ փորձել են քողարկել բոլոր հետքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել