Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ

Հոկտեմբեր 06,2009 00:00

Լիազորությունների չարաշահում՝ բռնության զուգորդմամբ

2009 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ Կարմիր գյուղի բնակիչ Սեւան Մկրտչյանի նկատմամբ՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների դեմ իբր բռնություն գործադրելու համար: Նախաքննությունը շարունակվել է Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ պարզվել է բոլորովին այլ իրականություն ու մեղադրանք է առաջադրվել ոչ թե քաղաքացուն, այլ ոստիկանության աշխատակիցներին՝ լիազորությունները չարաշահելու համար:

2009 թվականի հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ Սեւան Մկրտչյանն ու նրա մորաքրոջ որդին՝ Ծովազարդ գյուղի բնակիչ Վարդան Օհանյանը Չարենցավան քաղաքից ձեռք են բերել երկաթբետոնե պանելներ, որոնք բեռնել են իրենց պատկանող «ԿԱՄԱԶ 5410» եւ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաներն ու ճանապարհվել Կարմիր գյուղ:

Սեւան-Գավառ ավտոմայրուղում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչներ՝ ոստիկանության կրտսեր լեյտենանտներ Արայիկ Ավագյանն ու Արթուր Մելքոնյանը, ժ.16:30-ի սահմաններում, կանգնեցրել են Սեւան Մկրտչյանին պատկանող՝ Արարատ Խաչիկյանի վարած «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի ավտոմեքենան եւ ծավալը գերազանցող բեռ փոխադրելու համար այն տեղափոխել տուգանային հրապարակ:

Շուրջ մեկ ժամ անց՝ ժ.17:30-ի սահմաններում, նույն տեսուչները Սեւան-Գավառ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ճանապարհային երթեւեկության խախտում թույլ տալու համար կանգնեցրել են նաեւ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը եւ պարզելով, որ վարորդը չունի կցորդով ավտոմեքենա վարելու իրավունք, իսկ կցորդի վրա բացակայում է պետհամարանիշը, վարորդին հայտնել են, որ այդ մեքենան նույնպես պետք է տեղափոխեն տուգանային հրապարակ:

Այդ պահին տեսուչներին են մոտեցել Արարատ Խաչիկյանն ու Սեւան Մկրտչյանը: «Բանակցություններն» արդյունք չեն տվել, եւ տեսուչները մնացել են անդրդվելի, չեն համաձայնել նաեւ բեռնատարը տուգանային տանել առանց կցորդի: Թե պանելները տուգանային հրապարակ տանելու նպատակը որն է եղել՝ հայտնի է, թերեւս, միայն տեսուչներին: Միայն ավելացնենք, որ երբ Սեւան Մկրտչյանը փորձել է անջատել կցորդը, լեյտենանտ Արայիկ Ավագյանը հայհոյել ու բռունցքով հարվածել Սեւան Մկրտչյանի գլխին: Իսկ գործընկերն էլ՝ տեսուչ Արթուր Մելքոնյանը, ռադիոկապի միջոցով կապվել է ՀՀ ոստիկանության ՃՈ 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի հետ ու, ոչ ավել, ոչ պակաս, հայտնել, թե իրենց դիմադրություն է ցույց տրվում, ծեծում-ջարդում են՝ խնդրելով օգնություն օրինազանց քաղաքացուն բերման ենթարկելու համար: Ապա ինքն էլ միացել է Արայիկ Ավագյանին՝ ծեծի ենթարկելով Սեւան Մկրտչյանին: Արդյունքում քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ՝ դեմքի, կրծքավանդակի, սրունք-թաթային եւ գագաթային շրջաններում: Սակայն դա չի խանգարել, որ ոստիկանները քրեական գործ հարուցեն քաղաքացու դեմ, փորձեն ամեն ինչ գլխիվայր շուտ տալ եւ հանդես գալ տուժողի դերում, թե քաղաքացին է իրենց դիմադրություն ցույց տվել:

«Արայիկ Ավագյանն ու Արթուր Մելքոնյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, դիտավորությամբ կատարել են բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի եւ պետության իրավունքներին ու օրինական շահերին»,- եզրակացրել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Տիգրան Թամամյանը՝ ոստիկանության տեսուչներին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության զուգորդմամբ:

Մեղադրական եզրակացությունը դատախազությունն արդեն հաստատել է եւ քրեական գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել