Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2009 00:00

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց, որ ԵԽԽՎ սեպտեմբերի 28-ից մեկնարկած լիագումար նստաշրջանը սկսվել է «նախագահողի կողմից ողջույնի խոսքով, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին: Եվ կարծում եմ, որ այս պահին քաղաքական այնպիսի որոշում է ընդունվել Եվրոպայի խորհրդի կողմից, որ Հայաստանի իշխանություններին եւ այն պարտավորությունները, որ մենք պարտավոր ենք իրականացնել՝ թողել են մի կողմի վրա։ Առաջին հերթին նրանց համար կարեւոր է, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունենա առաջընթաց, ու մեր ներքին ժողովրդավարական խնդիրները, կարծում եմ, Եվրոպայի խորհրդի համար երկրորդ պլանում են»: Որպես դրա ապացույց՝ նա դիտարկեց ե՛ւ այն, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցը հպանցիկ է քննարկվել, ե՛ւ այն, որ ԵԽԽՎ նստաշրջանում պետք է քննարկվեր նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցը, բայց այն հանվեց օրակարգից։

Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտնեց, որ երբ ԵԽԽՎ նստաշրջանում Թեղուտի վերաբերյալ իր ելույթում ընդգծել է, թե տվյալ հանքավայրի շահագործման հետեւանքով չի բացառվում Դեբեդ գետի աղտոտումը՝ այս հարցով հետաքրքրվել են Վրաստանի պատվիրակության անդամները: «Պետք է էլեկտրոնային փոստով նախագիծը ուղարկեմ նրանց, եւ հնարավոր է՝ արդեն ստորագրահավաք լինի Թեղուտի վերաբերյալ»,- ասաց նա: «Aysor»-ի թղթակցի հարցին, թե մտավախություն չունի՞, որ վրացիներից ստորագրություն վերցնելու դեպքում կկրկնվի նույն պատմությունը, ինչ եղավ, երբ ինքը դիմեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակների օգնությանը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Երբ կեղտոտված օդը գալիս է Հայաստան, մեր սահմանում, մեր մաքսային կետում չեն հարցնում՝ կարո՞ղ եք մեզ մաքսազերծել: Երկիր մոլորակը համայն մարդկությանն է ու պետք է պաշտպանված լինի»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել