ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԾՐԱԳՐԻ 84 ԿԵՏԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ
Հոկտեմբերի 5-ին կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Գործողությունների ծրագրի նպատակը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումն է: Ծրագրով նախատեսված 42 միջոցառումներն ընդգրկում են 122 գործողություն, որոնցից 84-ն արդեն կատարված է: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ծրագրով նախատեսված սահմանային անվտանգության եւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման, անհրաժեշտ ծրագրերի եւ միջոցառումների կազմման եւ համակարգված միջգերատեսչական համագործակցություն իրականացնելու հարցերը, որոնց կապակցությամբ ընդունվել են համապատասխան որոշումներ: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են գործողությունների իրականացման ընթացքն ըստ գերատեսչությունների: Հանձնաժողովն արձանագրել է, որ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններում եւ ազգային անվտանգության ծառայությունում ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքն ամբողջությամբ համապատասխանում է ծրագրի իրականացման ժամանակացույցին: Ազգային տեղեկատվական ռազմավարության եւ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի նախագծեր մշակելու համար հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր: Հանձնաժողովի հաջորդ նիստը կգումարվի 2010 թ. հունվարին՝ ամփոփելու 2009-ին կատարված աշխատանքը: