Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին խորհուրդ տվողները թյուրիմացության մե՞ջ են

Հոկտեմբեր 06,2009 00:00

\"\"ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գնահատում է Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ հարցազրույցում պատասխանելով մեր հարցերին՝ արդյոք նախագահը եւ նրան ուղեկցողները անպատրա՞ստ էին այն ընդունելությանը, որին արժանացան Սփյուռքում, ասաց. «Ըստ ամենայնի՝ պատրաստ չէին, եւ ես կարծում եմ, որ նախագահին խորհուրդներ տվողները կամ խորը թյուրիմացության մեջ են, կամ, ինչպես որ Հայաստանում ընդունված է՝ «ամեն ինչ լավ ա, շեֆ ջան» որակով են զեկույցները ներկայացրել: Դա վերաբերում է արտգործնախարարության համակարգին, այսինքն՝ դեսպանները Սփյուռքի տրամադրությունների մասին ճիշտ զեկույցներ չեն ներկայացրել: Դա վերաբերում է սփյուռքի նախարարությանը եւ այլն: Այն միջոցառումները, որ ձեռնարկվում են, սխալ տեսակետների վրա են հիմնված: Այսինքն՝ այն հանգամանքը, որ ճիշտ խոսքը, մարդկանց դժգոհությունը Հայաստանի լրատվամիջոցներին, հատկապես հեռուստատեսությանը արգելված է ներկայացնել, ավելի գրգռություն, ջղայնություն է առաջացնում ժողովրդի մեջ: Վերջապես քննարկումը ենթադրում է նաեւ հակառակ տեսակետներ լսել եւ հետեւություններ անել»:

Հիշեցրինք, որ ինքը՝ ՀՀ նախագահը, Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի եղել որեւէ հրահանգ «ադաբրյամսի»: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը իր հերթին ասաց. «Ես կարծում եմ, որ եթե հեռուստակայանները ցենզուրայի չեն ենթարկվում, ապա այն, ինչ իրենք անում են, ինքնացենզուրան է՝ թելադրված վախով կամ ինչ-որ այլ հաշվարկով, որը նույնիսկ ավելի վատ է»:

Մենք հետաքրքրվեցինք՝ որպես արտերկրում կառույցներ ունեցող քաղաքական ուժ, Դաշնակցությունը ինքն իր կողմից ներկայացրե՞լ է ՀՀ նախագահին Սփյուռքի իրական տրամադրությունների մասին: Պարոն Հովհաննիսյանը ասաց, որ իրենք այդ մասին տեղյակ են պահել նախագահին, սակայն. «Առաջին անգամը չի, որ մեր նախազգուշացումները, մեր առաջարկությունները չեն լսվել: Հիմնական մեր նախազգուշացումը եղել է ընդհանրապես արձանագրությունների բովանդակության հետ կապված, բայց մեզ չեն լսել: Չեն լսել նաեւ, երբ մենք զգուշացնում էինք, որ Սփյուռքի կեցվածքը լինելու է շատ ըմբոստ, եւ մեզ համար մտահոգիչն այն է, որ նման ըմբոստությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Բացարձակապես մենք չենք ողջունում, մեզ համար շատ տհաճ է, երբ ՀՀ նախագահին վատ են ընդունում կամ անվանում են անվայել կերպով, սա մեզ համար ընդունելի չէ: Բայց դրանից կարելի էր խուսափել»:

Մեր հաջորդ հարցն այն մասին էր, որ ինչքան էլ Սփյուռքը տեղում դժգոհի կամ չընդունի նախագահի այս քայլը, միեւնույն է՝ տպավորությունն այնպիսին է, որ այդ արձանագրությունները ստորագրվելու են: Վահան Հովհաննիսյանը այլ կարծիքի էր. «Ես հույս ունեմ, որ նախագահը, այնուամենայնիվ, կլսի ժողովրդի ձայնը: Ձեւը գտնել հնարավոր է՝ առնվազն հետաձգելու համար ստորագրելը, մինչեւ պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով կարելի կլինի չեզոքացնել փաստաթղթերում առկա վտանգները: Իսկ եթե, այնուամենայնիվ, ստորագրումը կայանա, մենք, Հայաստանում, առնվազն պետք է պայքարենք, որ չվավերացվի կամ վերապահումներով արվի, կից փաստաթղթերով: Ձեւերը դիվանագիտական եւ խորհրդարանական պրակտիկայում գոյություն ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել