Ասում է քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը
– Ձեր կարծիքով, ՀՀ նախագահի սփյուռքյան հանդիպումները կհանգեցնե՞ն արձանագրություններում փոփոխությունների:
– Չեմ կարծում: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները փորձեն Սփյուռքի բուռն արձագանքներին հղում անելով պահանջել բանակցող կողմին որեւէ փոփոխություն մտցնել արձանագրություններում, որը ճիշտ կլիներ ու բնական, միեւնույն է՝ նրան թույլ չեն տա: Այդ բանակցություններում, իմ կարծիքով, մեր իշխանությունները կորցրել են իրական կողմ լինելու կարգավիճակը: Բայց եթե անգամ ինչ-որ ձեւով հնարավոր լիներ չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, միեւնույն է՝ Հայաստանի դիվանագիտությունն արդեն բավականին լուրջ կորուստներ է արձանագրել այս մեկուկես տարվա ընթացքում: Թուրքիան, որ տարիներ շարունակ համառորեն ձգտում էր կարեւոր դերակատար լինել մեր տարածաշրջանում, ինչին հասկանալի պատճառներով խոչընդոտում էր Հայաստանը՝ ճակատագրի հեգնանքով հենց Հայաստանի հրավերով դարձել է տարածաշրջանի թերեւս ամենաակտիվ գործոններից մեկը: Ըստ էության, այսօր Ղարաբաղի հիմնահարցում ամենաակտիվ միջնորդի դերը ստանձնել է հենց Թուրքիան, որը հանդիսանում է հակամարտության կողմերից մեկի անթաքույց հովանավորը:
Մեր նորագույն պատմության ընթացքում Հայաստանը պետական մակարդակով, գուցե եւ դրսի պետությունների ճնշումների հետեւանքով, ապրիլի 23-ին ստորագրելով հայտնի հայտարարությունը՝ փաստորեն խոչընդոտեց Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը: Թուրքիան կարողացավ հասնել նրան, որ ոչ միայն սառեցրել է միջազգային ամբիոններում Ցեղասպանության հարցի արծարծումը, այլեւ աշխատանքներ է տանում Ցեղասպանությունը ճանաչած պետությունների հետ՝ վերանայելու իրենց որոշումը:
– Բայց նախագահը վերջերս տարբեր առիթներով բազմիցս է հայտարարել, որ որեւէ ճնշում չկա, եւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը եղել է իր նախաձեռնությամբ:
– Եթե Մեծ եղեռնի տարելիցի նախօրեին մեր պետությունն իր ցանկությամբ ստորագրում է նման հայտարարության ներքո, ուրեմն մեր վիճակը շատ ավելի վատ է, քան ենթադրում ենք: Ցավոք, այս ընթացքում Հայաստանի բարձրագույն իշխանությունը անկեղծ չգտնվեց ժողովրդի հետ, փորձեց նրանից թաքցնել ճշմարտությունը: Կարծում եմ՝ իշխանությունը թերագնահատեց մեր ժողովրդի մտավոր-վերլուծական կարողությունները: Այնինչ ժողովուրդն ամեն ինչ տեսնում ու հասկանում է:
– Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կհետեւեն արձանագրությունների ստորագրմանը:
– Կարծում եմ՝ չարժե այդքան բացարձակացնել արձանագրությունների ստորագրման փաստը: Միջազգային հարյուրավոր փաստաթղթեր են ստորագրվել ու մնացել թղթի վրա: Մեր պատմությունը եւս իր գզրոցներում ունի նման փաստաթղթեր, որոնք, ցավոք, չեն իրականացվել՝ ի վնաս մեզ: Բայց արձանագրությունների ստորագրումը առիթ կդառնա, որ այս գործընթացն անկեղծորեն կանխել ցանկացող բոլոր ուժերը վերջապես հասկանան՝ ներկա չափազանց վտանգավոր զարգացումները կարելի է կանխել միայն իշխանության փոփոխության միջոցով: Իշխանափոխության փաստը հնարավորություն կտա հայկական կողմին դուրս գալ բանակցությունների վտանգավոր ընթացքից: Դա կլինի մեծ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակն օր առաջ այս իշխանություններից ազատվելն է:
Եթե ընդդիմադիր ուժերն անկեղծորեն կարծում են, որ ընթացող այս գործընթացը իսկապես վտանգում է մեր պետության արտաքին ու ներքին անվտանգությունը, ուրեմն նրանք պարտավոր են մի կողմ դնել իրենց հավակնությունները, միմյանց նկատմամբ ունեցած թշնամանքը, վերջ տալ առաջնորդության համար ընդդիմության ուժերը ջլատող պայքարին ու հավաքվել մեկ առաջնահերթության շուրջ: Իսկ այդ առաջնահերթությունը, ինչպես արդեն նշեցի, այսօրվա իշխանություններից օր առաջ ազատվելն է:
– Ընդդիմության դաշտում այսօր գտնվող ուժերը միմյանց հանդեպ շատ ավելի անհանդուրժող են, քան իշխանությունների նկատմամբ: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց համագործակցությունը:
– Համաձայն եմ, որ ընդդիմության ներսում այսօր առկա գործընթացները թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր ամբողջ ներուժը համախմբվի: Իհարկե, դա լավագույնս կարողանում է օգտագործել իշխանությունը, բայց չեմ կարծում, թե այդպես կշարունակվի: Գործընթացների առաջիկա զարգացումը կստիպի՛, որ նրանք համագործակցեն: Այսօր դա է պահանջում մեր ազգային շահը:
Բարձրագույն իշխանությունը, կարծում, եմ, հասկանում է, որ այսօր ինքը լուրջ քաղաքական հենարան չունի, եւ իշխանական քաղաքական ֆակտուրան այսօր ընդամենը զբաղված է ամենօրյա պնակալեզության եւ շողոքորթության շքերթ կազմակերպելով: Իսկ նման շքերթի կազմակերպման համար անհրաժեշտ հումք, ցավոք, ինչպես տեսնում ենք, Հայաստանում բավականին շատ է: Անշուշտ, կան քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր Հայաստանի փրկությունը տեսնում են ամեն գնով Թուրքիայի հետ սահմանը բացելու մեջ եւ կողմ են արձանագրությունների ստորագրմանը: Բայց այդ ուժերի թիվը շատ փոքր է: Վերջերս ԱԺ-ում կազմակերպված քննարկումը դրա վառ ապացույցն է: Աննախանձելի դիրքերում էին հայտնվել իշխանության տեսակետը պաշտպանողները, ովքեր կարծես թե առանձին դեպքերում ուղղակի կամ անուղղակիորեն փորձում էին հասկացնել, թե իրենք ստիպված են նման դիրքորոշում որդեգրել: Համենայնդեպս, ես նման տպավորություն ստացա իշխանության տեսակետը պաշտպանող որոշ գործիչների ելույթներից:
– Կարծում եք, թե չնայած ընթացող բուռն քննարկումներին, միեւնույն է՝ արձանագրությունները կստորագրվե՞ն:
– Այո, կարծում եմ՝ կստորագրվեն: Անկեղծ ասած՝ Հայաստանում քննարկում չեմ տեսնում: Ի՞նչ քննարկումների մասին կարող է խոսք լինել, երբ ամբողջ հեռուստաեթերը, չնչին բացառությամբ, գտնվում է իշխանության հսկողության տակ: Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցած «քննարկումը» շատ խորհրդանշական է եւ բնութագրիչ ընթացող բոլոր, այսպես կոչված, քննարկումների համար: Թվում էր, որ ակադեմիան, լինելով մեր գիտական, մշակութային, պատմական մտքի հավաքատեղին՝ պետք է բաց քննարկումներով եւ անհրաժեշտ փաստարկներով կողմնորոշեր ժողովրդին: Ի վերջո, հասարակ մարդիկ ունեն անհրաժեշտություն՝ լսելու մասնագետների կարծիքներն ու փաստարկները եւ հասկանալու՝ որն է ճշմարիտ ուղին: Վերջապես, այս փաստաթղթերում համազգային խնդիր է արծարծվում, շոշափվում է մեր ապագա սերունդների ճակատագրի հարցը: Բայց ակադեմիայի ղեկավարությունը որոշեց, որ քննարկումը պետք է փակ լինի: Պատճառը շատ պարզ է՝ դա քննարկում չէր, այլ սեփական խղճի հետ գործարք, եւ ակադեմիայի ղեկավարությունը չցանկացավ, որ ժողովուրդը տեսնի այդ խայտառակ գործարքը: Պատահական չէ, որ ակադեմիայի շատ աշխատակիցներ իրենց ստորագրություններով փաստում են, թե քննարկում չի եղել՝ եղել է ընդամենը «ադաբրյամս»: Նույնը կարելի է ասել նաեւ Հանրային խորհրդի մասին, որը, ինչպես նշել էի այդ մարմնի դեռեւս ձեւավորման փուլում, իշխանության ձեռքին դարձել է մահակ՝ ընդդիմության վրա թափահարելու համար: Այնպես որ, ծիծաղելի է, երբ այսօրվա «ադաբրյամսներին» փորձում են տալ համաժողովրդական քննարկման կարգավիճակ: