Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻՆԱՑՈՒՆ՝ ԲՐԻՆՁ, ՀԱՅԻՆ՝ ՓՈՂ»

Հոկտեմբեր 06,2009 00:00

\"\"ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը խնդիրը «մեր մեջ» է տեսնում

«Տարբեր պետությունների հետ բազմիցս տարբեր երկկողմ եւ բազմակողմ փաստաթղթեր են ստորագրվել, բայց դրանք եղել են ստանդարտ, որոնց հետեւանքները նույնպես տեսանելի են եղել: Առաջին անգամ ինչպես հայ դիվանագիտության, այնպես էլ հայ հասարակության համար ստեղծվել է մի փաստաթուղթ, որը ստանդարտ չէ, այս առումով, նաեւ անորոշ է նրա գործածությունը պրակտիկայում, ազդեցությունը եւ հետեւանքները: Ու քանի որ դա ստորագրվում է Թուրքիայի հետ, բնականաբար, առաջին ասոցիացիան՝ մեզ խաբելու են, մենք չենք կարող դիմագրավել թուրքական դիվանագիտությանը, եւ այս առումով, հիմնականում, բացասական երանգներն ենք դիտարկում»,- «Առավոտի» հետ զրույցում, ամբողջության մեջ դիտարկելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ընթացող գործընթացները, ասաց նախկին ԳԽ պատգամավոր, ներկայումս ՀՀԿ խորհրդի անդամ, հասարակագետ Ռազմիկ Մարտիրոսյանը: Այս անհասկանալի իրավիճակից դուրս գալու համար մեր զրուցակիցը գտնում է, որ նախ եւ առաջ պետք է «ճանաչենք ինքներս մեզ, մեր իրողությունները, որովհետեւ արտաքին քաղաքականությունը չի կարող անջատ լինել ներքինից»: Այս առումով նա եւս գտնում է, որ մեր ոչ ներքին իրավիճակը, հետեւաբար՝ ոչ էլ այս ժամանակահատվածը բարենպաստ չեն Թուրքիայի հետ առկա խնդիրները լուծելու համար: «Նկատելի է հասարակության անտարբերությունը, նիհիլիզմը՝ պատասխանատվությունից խուսափելը եւ ողջ պատասխանատվությունը իշխանության վրա թողնելը: Այս խնդիրները նոր չեն առաջացել, եւ առանց դրանց նախապատմությունն իմանալու, առանց դրանք ուսումնասիրելու՝ հնարավոր չէ ճշգրիտ քայլեր անել: Մենք բառերի ու բառապաշարի խնդիր ունենք. այսօր օգտագործվում են «ազգ», «ժողովուրդ», «պետություն», «ազգային շահ» բառերը, բայց բոլորս նույնական չենք պատկերացնում եւ ընկալում դրանք, ինչը եւ թյուրիմացություններ է առաջացնում»,- ասում է մեր զրուցակիցը:

Միաժամանակ նա փաստում է, որ «չկան լավ ու վատ իրավիճակներ», չկա նախապես կանխատեսված ճշգրիտ ժամանակը՝ որեւէ գործընթաց սկսելու համար, պարզապես՝ «Ամբողջ խնդիրն այն է, թե դու որքան ես նախապատրաստված այդ իրավիճակները շրջելու հօգուտ քեզ: Դա հնարավոր է անել տարբեր փուլերում: Հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սկզբնական փուլում է, եթե անգամ լինեն որոշ սխալ քայլեր, ապա մենք ընդամենը կունենանք դիրքային ոչ բարենպաստ վիճակ, բայց հաջորդ փուլերում՝ կախված մեր ունակություններից, կարող ենք այս իրավիճակից օգուտներ քաղել: Այսինքն՝ խնդիրը մենք ենք: Ես վախենում եմ մեզանից, մեր անպատրաստվածությունից, մեր զգայական վիճակից, որ չունենալով երկարամյա պետություն եւ պետականություն, չունենալով հայաստանյան դիվանագիտական դպրոց… այս իրավիճակը չի կարող չազդել գործընթացների վրա»:

Արձագանքելով «Առավոտի» հարցին՝ արդյոք ՀՀԿ խորհրդի նիստում, որտեղ քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, բարձրաձայնվե՞լ են այս մտահոգությունները, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Շատ հարմար պահ է հերոսանալու եւ հայտարարելու, թե ես դեմ եմ արձանագրության տեքստին, կամ դրանցում շատ մեծ մտահոգություններ կան, բայց դա իմ կողմից փարիսեցիություն կլինի, որովհետեւ գործընթացները սկսվել են, եւ այսօր կարեւոր է դրանց մասնակցությունը, որոշակի դերակատարում ստանձնելը եւ պատասխանատվությունը: Այս խնդրի պատասխանատուն սոսկ հանրապետության նախագահը կամ իշխանությունը չէ: Խնդրի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քան ժամանակի իշխանության պատասխանատվությունը, ուստի կարեւոր է հասարակության մեծամասնության մասնակցությունը եւ պատասխանատվության ստանձնումը: Հակառակ դեպքում՝ մեկ անձի համար շատ մեծ պատասխանատվություն է»: Մեր զրուցակիցը պատմում է, որ դեռեւս 11-րդ դարում Սիչուանի համալսարանի մի պրոֆեսոր գրավոր հիշատակություն է գտել, ըստ որի՝ Չինաստանում մի ասույթ է առաջացել՝ «Չինացուն՝ բրինձ, հային՝ փող»: Ասույթի հասարակագիտական նշանակությունը նա այսպես է մեկնաբանում. «Դարերով չունենալով պետականություն՝ հայերն իրենց անձի եւ ընտանիքի պաշտպանության հարցերը փորձել են լուծել փողով: Դժբախտաբար, ՀՀ-ն նույնպես, որպես պետություն, չի կարողանում լիարժեք իրականացնել անձի իրավունքները, եւ այսօր նորից շարունակում է գերիշխող մնալ անձի պաշտպանության այդ ամենաարդյունավետ միջոցը: ՀՀ-ում անձն իր լիարժեք պաշտպանությունը գտնում է փող ունենալու մեջ, իսկ դա շատ վտանգավոր է: Ոչնչից փող սարքելու գաղափարախոսությունն է հասարակության այլասերման հիմնական միջոցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել