Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 03,2009 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Ես երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն գրական ու բուքմեյքերական շրջապատիցս մազապուրծ՝ իմ նոր շրջապատի հետ էի, ու էդ նորը չափազանց լավ մոռացված հինն էր, եւ չնայած արդեն շուրջ երեք ժամ ինչ-որ անհամ բաներ էինք խոսում ու իրար էլ նեղացնում էինք, ես, ի տարբերություն Տերյանի դպրոցի իմ չորս համադասարանցիների, ինձ շատ էլ լավ էի զգում, որովհետեւ, ի տարբերություն իմ հոր ու Հավատացյալ Խորենի, ես մենակությանը չեմ կարողանում դիմանալ ու դիմադրել, եւ չնայած նախորդ գրքիս վերջում մեծամտանալով հայտարարեցի, որ իմ հոր արժանավոր զավակն եմ, այդուհանդերձ, երբ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի առավոտյան Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորն ինձ զանգեց ու ասաց, որ Գագոն հայտնվել եւ ցանկություն է հայտնել, որ էդ իրիկուն տղերքով «Բելաջիո» ռեստորանում հավաքվենք, ես անմիջապես ու հաճույքով համաձայնվեցի, որովհետեւ, ի տարբերություն հորս, Հավատացյալ Խորենի եւ այլ մենակյացների, ես մենակության մեջ ուղղակի հալումաշ եմ լինում, եւ չնայած սկզբում գրական, այնուհետեւ բուքմեյքերական ընկերներիս միանգամայն կամավոր էի լքել, եւ չնայած նախորդ հատորիս մեջ երկարբարակ իրազեկել էի, որ իմ ու մի քանիսի գրական ու գրողական ընկերությունը միանգամայն կեղծ ընկերություն է եղել, այդուհանդերձ, կյանքն իրենն է ապացուցում. կյանքն ամեն րոպե ու ամեն վայրկյան ապացուցում է, որ ես, ի տարբերություն իմ հոր ու Հավատացյալ Խորենի, ի վիճակի չեմ էս կյանքի ծանրումեծ բեռները մենմենակ շալակած տանել, եւ ես դա գիտեի նաեւ էն ժամանակ, երբ գրող ու բանաստեղծ որոշ ընկերներից վերջնականապես հեռացա, եւ դա գիտեի նաեւ Գեւորի էդ առավոտվա զանգից մի շաբաթ առաջ, երբ ինքս ինձ խոսք տվի՝ ոտքս վերջնականապես կտրել բուքմեյքերական տարածքներից, եւ եթե գրողական ու մտավորական շրջապատից հրաժարվելուս պատճառն էն էր, որ իրենց շրջապատում ինձ ավելի ճնշված ու մենակ էի զգում, քան՝ նույնիսկ մենակության մեջ, ապա բուքմեյքերական շրջապատից հրաժարվելս ոչ էնքան ինձնից էր կախված, ինչքան՝ ֆինանսական միջոցներիս անբավարար քանակությունից. այսինքն, ես ոչ թե էստեղի ընկերներիցս էի հրաժարվել, այլ ընդամենը՝ խաղամոլի իմ առօրյայից, ընդ որում՝ խաղամոլությունից էլ ճարահատյալ էի հրաժարվել, որովհետեւ, ի տարբերություն իսկական արհեստավարժ խաղամոլների, ես երբեք նիսյա ու պարտքով չեմ խաղում եւ խաղամոլությանս պատճառով երբեւէ պարտքերի մեջ չեմ խրվել. այսինքն, ունենում եմ՝ խաղում եմ, չեմ ունենում՝ չեմ խաղում, ու որ ասում եմ՝ բուքմեյքերական էս նոր ընկերներիցս էլ եմ հրաժարվել, էնքան էլ ճիշտ չեմ ասում, որովհետեւ սրանցից հրաժարվելը, ինչպես արդեն հասկացաք, ֆինանսական միջոցներից ու ֆինանսական վիճակից է կախված, եւ որ էս նորերին ժամանակ առ ժամանակ ընկեր եմ անվանում, դրա պատճառն էն է, որ սրանց հետ էդ բուքմեյքերական անբնական ու անբանական շփումներս գերադասում եմ գրողական ու մտավորական կեղծ ընկերությունից, եւ որ էս նորերի մասին ներկա ժամանակով եմ խոսում, էդ էլ պատահական չի, որովհետեւ երբ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսին Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորն առավոտ գիշերով զանգեց ու ասաց, որ Գագոն ռուսաստաններից հայտնվել ու որոշել է մեզ իրար գլխի հավաքել «Բելաջիո» ռեստորանում, էդ օրվա ու էդ պահի դրությամբ՝ ես ֆինանսական միջոցների բացակայության պատճառով լքել էի բուքմեյքերականներն ու էնտեղի նորանոր ընկերներիս, եւ հիմա էլ՝ Գեւորի զանգելուց մի տարի անց, երբ էս ամենը հիշելով գրում էի, վերստին կտրված էի էդ միջավայրից ու էդ նորագույն ընկերներից, ու որ ասում եմ՝ վերստին կտրված էի, էդ նշանակում է, որ Գեւորի զանգից ու «Բելաջիոյի» մեր էդ դասարանական հավաքից հետո, շատ չանցած, ես վերադարձա էդ նույն շրջապատ, որովհետեւ գրքերիս անակնկալ վաճառքից չնախատեսված որոշ գումար հայտնվեց, ու էդ միջավայրում եւս մի քանի ամիս լռվեցի, որովհետեւ մինչեւ նոր տարի բուքմեյքերական գուշակույթուններս հաջողությամբ էին պսակվում, եւ երկու հազար ութի էդ ամանորը բացառիկ էր էն առումով, որ դատարկ գրպանով ու տանուլ տված չէի դիմավորում, եւ չնայած ներքաղաքական մեծ իրադարձություններն արդեն սկսվել էին, եւ Առաջինն արդեն վերջնականապես էր մեծ քաղաքականություն վերադարձել, ես կուրորեն ու մոլեռանդորեն շարունակում էի խաղադրույքներ կատարել, որովհետեւ էդ տարվա վերջին երեք ամիսներին խաղադրույքներս ու մարզական գուշակություններս հիմնականում հաջողությամբ էին պսակվում, եւ բուքմեյքերական անհաջողություններս սկսվեցին նոր տարվա առաջին իսկ օրերից, եւ երբ էդ անհաջողություններս գագաթնակետին հասան, հետընտրական ու բողոքական հանրահավաքներն արդեն սկսվել էին, եւ բուքմեյքերականներից հերթական փախուստս մեկին մեկ համընկավ էդ հետընտրական աննախադեպ հանրահավաքներին, եւ, ըստ ամենայնի, բուքմեյքերականներից էդ հերթական հրաժարումս տեւական էր լինելու, որովհետեւ ներքաղաքական լարվածությունը գագաթնակետին էր հասել, եւ ոչ միայն գրքերս չէին վաճառվում, այլեւ «Առավոտի» մշտական հոնորարներս էլ էին վտանգի տակ, քանի որ տպագրելիք հերթական հատվածներս չափից ավելի ծիծաղաշարժ էին, մինչդեռ ներքաղաքական վիճակը չափազանց լարված ու նույնիսկ դրամատիկ էր, ու էդ ծիծաղաշարժ հատվածներն էդ օրերին տպելն անշնորհքություն կլիներ, լավագույն դեպքում՝ անիմաստ, որովհետեւ էդ օրերին մարդիկ՝ ներառյալ հատուկենտ ընթերցողներս, կարդալու ոչ սիրտ ունեին ու ոչ էլ հավես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել