Գիրք ութերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Ես էն մարդկանցից չեմ՝ ովքեր ո՛չ միայն մենակությանն են դիմանում, այլեւ անձամբ են խուսափում ուրիշներից, եւ քանի որ իրենց իսկ կամքով են խուսափում, էդ իսկ պատճառով էլ մենակությանն ու մենությանը դիմանում են, եւ քանի որ ինքս էդ մարդկանցից չեմ, միշտ էլ դժվարացել եմ էդ մարդկանց հասկանալ, եւ առավել եւս՝ էդ մարդկանց հոգեբանության մեջ խորանալ, բայց, այդուհանդերձ, միշտ նախանձել եմ էդ մարդկանց, որոնք ո՛չ միայն մենակությունից չեն սարսափում, այլեւ, ընդհակառակը, մարդկանց ու հատկապես ավելորդ մարդկանց ներկայությունից են սրտնեղում ու խուսափում, եւ չնայած իրենք իրենց կամավոր են հասարակությունից դուրս մղել, հասարակությունն էլ առանձնապես հակված չի էդ մարդկանց իր շարքերն ընդունել, որովհետեւ էդ մարդիկ մյուսներիցս էականորեն են տարբեր, եւ չնայած հասարակությունն էդ մարդկանց գոյությունն առանձնապես չի էլ նկատում, էդ մարդիկ մյուսներիցս էականորեն են ուժեղ եւ ուժեղ են հատկապես մենակությանը դիմանալու ու դիմակայելու իրենց բացառիկ ու տվածուրիկ ընդունակությամբ, ու էս առիթով չեմ կարող չհիշել Հավատացյալ Խորենին, որովհետեւ Խորենը ողջ կյանքում մենմենակ ամուրու իր բաժին կյանքն ապրելով՝ իր բաժին կյանքից առանձնապես էր գոհ, քանզի իր անբաժան ընկերն ու հիմնական զրուցակիցն Ավետարանն էր, եւ եթե փողոցում մեզ տեսնում ու հետներս հաճույքով ու երկար զրուցում էր, էդ անում էր հիմնականում մեզ համար եւ ոչ թե՝ իր, եւ չնայած Խորենին մենակության ճիրաններից շարունակաբար ու մշտապես փրկողն իր միակ ու անբաժան ընկեր Ավետարանն էր, այդուհանդերձ, գաղտնիքը նախեւառաջ ի՛ր՝ Խորենի՛ մեջ էր, որովհետեւ հավատի ու Ավետարանի հետ մշտապես առնչվող ուրիշներ էլ կան, որ Խորենի պես Ավետարանը մշտապես գրպաններում ունեն, բայց, ի տարբերություն Խորենի, մենակությանն ու մենությանը մի ժամ էլ չեն դիմանում եւ մենակությանն ու մենությանը չդիմանալով՝ զանազան աղանդներ են խցկվում. այսինքն, գաղտնիքը ոչ թե Ավետարանի մեջ է, այլ՝ Ավետարանը կարդացողի, որովհետեւ տերտերների մեջ էլ են պատահում էնպիսիք, որ չնայած գրպաններում մշտապես Ավետարանն ունեն, բայց անասելի խուճապի ու տագնապի մեջ են հայտնվում՝ երբ պերերիվի խաշլաման հանկարծ մի քանի րոպեով ուշանում է, եւ սրանք ու բոլորս ստամոքսի չափերով ու այլ հատկանիշներով միմյանցից էապես տարբեր լինելով՝ մի հարցում չափազանց նման ենք իրար. բոլորս էլ հավասարապես սարսափում ենք մենությունից ու մենակությունից, մինչդեռ մշտապես մենակյաց Հավատացյալ Խորենին իր մշտական ու լուսեղեն ժպիտը երբեւէ չլքեց, որովհետեւ ինքը մշտապես Ավետարանի լույսերի մեջ էր, եւ ինքն իրականում ոչ թե մենակությունից ու մենությունից չէր սարսափում, այլ երբեւէ մենակ չէր լինում՝ մշտապես Մարդու Որդու ու մարդկանց հետ էր, մինչդեռ լուսահոգի հայրս երբեւէ հավատացյալ չլինելով ու երբեւէ Ավետարան չունենալով՝ նմանապես մենակությունից ու մենությունից չէր սարսափում ու չէր երկնչում, եւ չնայած, ի տարբերություն Հավատացյալ Խորենի, կին ու երեխաներ ուներ, մայրս ու մենք իր համար ոչ թե մենակությունից փախչելու միջոց էինք, այլ՝ օբյեկտիվ իրականություն ու փաստ, եւ չնայած հայրս Ավետարանը չէր կարդացել, երբ որեւէ մեկի տանը Ավետարան կամ որեւէ եկեղեցական գիրք էր տեսնում, ժամերով թերթում ու ժամերով ուսումնասիրում էր, եւ ներկաները կարծում էին, թե հայրս էդ գրքերի բովանդակությունն է ժամերով ուսումնասիրում, մինչդեռ ես գիտեի, որ հայրս էդ գրքերը ոչ թե կարդում է, այլ էդ հին գրքերի տառատեսակներն է էդքան երկար ու մանրամասն ուսումնասիրում, որովհետեւ հայրս կենդանագիր ու շրիֆտավիկ էր եւ ինչ գիրք տեսնում էր՝ ժամերով էդ գրքի տառատեսակներն էր ուսումնասիրում, եւ վաթսունականներին, երբ դպրոցական էի, հանգստյան օրերին ինձ հետը տանում էր Մատենադարան, եւ Մատենադարանն ամենաչսիրածս տեղն էր, որովհետեւ հայրս ժամերով ուսումնասիրում էր Մատենադարանի գրքերն ու ձեռագրերը, եւ ես ժամերով անիմաստ ցցվում էի էդ խորհրդավոր գրապահոցում եւ եթե հորիցս թաքուն շենքից դուրս էի գալիս, հետո հերթապահ միլիցիոները ներս չէր թողնում, բայց որոշ ժամանակ անց, երբ բոլոր հերթապահ միլիցիոներներն արդեն ինձ ու հորս ճանաչում էին, արդեն ազատ ներսուդուրս էի անում, եւ իմ բախտից՝ դրանք էն օրերն էին, երբ քանդակագործ Ղուկաս Չուբարյանն ու իր քարտաշները Մաշտոցի արձանն էին տաշտշում, եւ մինչ hայրս ներսում ժամերով տառատեսակներն էր ուսումնասիրում, ես մեծ հետաքրքրությամբ հետեւում էի Չուբարյանին ու քարտաշներին, բայց շուտով նրանցից էլ հոգնեցի, որովհետեւ հայրս վերջապես Մատենադարանից դուրս գալով՝ ահագին ժամանակ էլ Չուբարյանի ու քարտաշների աշխատանքին էր հետեւում, քանի որ հայրս ոչ միայն կենդանագիր ու շրիֆտավիկ էր, այլեւ՝ չկայացած գեղանկարիչ, եւ իբրեւ գեղանկարիչ հայրս չէր կայացել միայն ու միայն հանգամանքների բերումով, եւ առաջին հերթին՝ Հայրենական Մեծ պատերազմ կոչվող էդ մեծ հանգամանքի պատճառով, որովհետեւ հայրս ներկայացուցիչներից մեկն էր էն ձախորդ սերնդի, որի ներկայացուցիչները ոչ միայն Մեծ Հայրենականին մասնակցեցին, այլեւ պատերազմից հետո ոչ թե տուն վերադարձան, այլ մնացին ու երեք տարի իրենց պարտադիր ծառայությունն անցկացրին, եւ երբ էդ ամենից հետո հայրս տուն վերադարձավ, արդեն քսանչորս տարեկան էր եւ արդեն սովորելու ու գեղանկարիչ դառնալու հնարավորություն ու ժամանակ չուներ, մանավանդ որ՝ երեսունյոթին պապիս տարել էին, եւ քառասունութին ընտանիքի հոգսն ամբողջովին հորեղբորս վրա էր, եւ հորաքույրս էլ Բժշկականի ասպիրանտուրայում էր սովորում, եւ տատս էլ չէր աշխատում, որովհետեւ հորեղբայրս մորն արգելել էր աշխատել, եւ երբ հայրս պատերազմից ու երեք տարվա պարտադիր ծառայությունից տուն վերադարձավ, հորեղբայրս արդեն Երեւանի առաջին տաքսիներից մեկն էր քշում, եւ հայրս չցանկանալով հորեղբորիցս հետ մնալ՝ Երեւանի առաջին Կենդանագրական արհեստանոցը բաց արեց, ու ինքն էդ արհեստանոցի նախատիպն իր ծառայության Օդեսայում էր տեսել, եւ չնայած հայրս մարդամոտ ու շփվող անձնավորություն չէր, ծառայությունից ազատ գրեթե բոլոր օրերն ու ժամերը Օդեսայի էդ Կենդանագրական արհեստանոցում էր անցկացրել, եւ ծառայությունից ազատ էդ օրերն ու ժամերն անթիվ ու անհամար էին եղել, որովհետեւ Մեծ Հայրենականի բովով անցած ու պարտադիր ծառայության մեջ մնացած զինվորների ծառայությունը զուտ ձեւական բնույթ էր կրում, եւ հայրս իր ծառայության երեք տարիները գրեթե ամբողջովին հրեա Նաթան Արոնովիչի Կենդանագրական արհեստանոցում անցկացնելով ու Երեւան վերադառնալով՝ արդեն պատրաստի ժիվոպիսեց ու կենդանագիր էր, որովհետեւ Նաթան Արոնովիչը շուրջ երեք տարի միանգամայն անվճար ու անմնացորդ օգտվել էր հորս գեղանկարչական ու գեղագրական բնատուր շնորհքից, եւ Երեւան վերադառնալով՝ հայրս արդեն ոչ թե էդ բնագավառի աշակերտ էր, այլ՝ իսկական վարպետ, եւ չնայած տատս, հորեղբայրս, հորաքույրս ու բոլորը հորս համոզում էին նկարչական ընդունվել ու նկարչական լիարժեք կրթություն ստանալ, հայրս հասկանում էր, որ արդեն իր աշխատելու ժամանակն է եւ ոչ թե՝ սովորելու, եւ չնայած մի քանի անգամ ասել ու գրել եմ, թե՝ հայրս Երեւանի առաջին Կենդանագրականի հիմնադիրն էր, էդ իմաստով մի քիչ չափազանցրել եմ, որովհետեւ հայրս իր էությամբ ու բնույթով նախաձեռնող անձնավորություն չէր, այլ ընդամենը՝ փայլուն ու բարեխիղճ կատարող, ինչպես նաեւ՝ կազմակերպչական ավելորդ պատասխանատվությունից խուսափող, եւ երբ Օդեսայի իր ծառայությունն ավարտեց ու տուն վերադարձավ, Երեւանի Կենցաղ սպասարկման վարչությունում Կենդանագրական էդ առաջին արհեստանոցի գաղափարն արդեն խմորված էր, եւ խմորողը հորս ապագա ընկեր ու գործընկեր Մանուկն էր, որը նույնպես իր ծառայության ընթացքում էր Ռուսաստանում էդ տեսակ արհեստանոց տեսել, եւ չնայած անունը Մանուկ էր, ինքը մանավանդ հոգով չափազանց մեծ էր՝ էն աստիճանի մեծ, որ հորս ձեռքի շնորհքը տեսնելով՝ իրենց համատեղ աշխատանքի հենց առաջին ամսվա վերջին ներկայացել էր Կենցաղ սպասարկման վարչություն եւ կտրուկ հրաժարվել էր իր իսկ նախաձեռնած էդ առաջին արհեստանոցի վարիչի պաշտոնից՝ էդ պաշտոնը հորս համար ազատելով, եւ չնայած հայրս ահագին դիմադրել էր, Մանուկն անդրդվելի էր ու իր որոշումը՝ վերջնական, եւ չնայած հետագայում ու միշտ կազմակերպչական բոլոր հարցերը Մանուկի վրա էին, Մանուկն ու նաեւ իրենց ապագա գործընկերներն ու աշակերտները հորս Ուստա Հակոբ էին ասում, իսկ Մետաքսի ու Շիլաչու ժողովուրդը՝ Նկարիչ Հակոբ, եւ երբ հորս Նկարիչ Հակոբ էին ասում, հայրս հատկապես էդ պահերին էր նեղվում ու սրտնեղում, որովհետեւ հատկապես էդ պահերին էր հասկանում, որ ինքն, այնուամենայնիվ, նկարիչ չդառավ, եւ էդ բանը շարունակաբար գիտակցելով ու հասկանալով՝ շարունակաբար նեղվում ու նեղսրտում էր, բայց ավելի շատ նեղվում ու նեղսրտում էր էն պահերին, երբ տառեր գրելուց բացի՝ որեւէ բան նկարելու առիթ էր ներկայանում, եւ չնայած նկարելու գործերն ու պատվերները հայրս երբեւէ չձախողեց, եւ չնայած պատվիրատուն մշտապես գոհ էր մնում, այդուհանդերձ, հայրս իր նկարածներից երբեւէ չգոհացավ, որովհետեւ ուրիշ նկարիչների նկարածները շատ լավ գիտեր, իսկ Այվազովսկու, Ռեպինի, Լեւիտանի ու մյուսների թանկանոց ալբոմները մեր գրապահարանում վաթսունականների սկզբներին արդեն կային, եւ հայրս ժամերով ու օրերով էդ ալբոմների հետ էր եւ երբեւէ չէր ձանձրանում էդ ալբոմներից, եւ հայրս, ի տարբերություն այլոց, շատ նայում ու քիչ էր խոսում, շատ մտածում ու քիչ էր խոսում, եւ որ ասում եմ՝ քիչ էր խոսում, մի քիչ չափազանցնում եմ, որովհետեւ հայրս ոչ թե քիչ էր խոսում, այլ՝ համարյա չէր խոսում, բայց ժամերով կարող էր մտածել ու մտածել, եւ չնայած մեզ միանգամայն անհայտ էր՝ ինչ է էդքան մտածում, բոլորս էլ համոզված էինք, որ մտածում է, որովհետեւ երբ երկար մտածելուց հետո հանկարծակի խոսում էր, բոլորս համոզվում էինք, որ հորս արտահայտած էդ չափազանց կարճ ու չափազանց պարզ մտքերը մտածելու արդյունք են, եւ եթե Հավատացյալ Խորենն իր հավատքի՛ շնորհիվ էր մենությանն ու մենակությանը դիմադրում ու դիմանում, հայրս իր մտածելու շնորհիվ էր մենակությանը դիմանում ու դիմադրում, եւ հորս առումով էս ասածս էլ է մի քիչ սխալ, որովհետեւ հայրս ոչ թե դիմանում ու դիմադրում էր մենությանն ու մենակությանը, այլ, ընդհակառակը, սիրում էր մենությունն ու մենակությունը, որովհետեւ ի վիճակի էր ու կարողանում էր ժամերով ու օրերով լռել ու մտածել, եւ էս ասածս էլ ճշգրիտ չէ, որովհետեւ հայրս ոչ թե կարողանում էր տեւականորեն լռել ու մտածել, այլեւ սիրում էր տեւականորեն լռել ու մտածել եւ հատկապես չէր սիրում իր կյանքի էն պահերը, երբ մայրս իրեն խանգարում էր մտածել, որովհետեւ հայրս իր արհեստանոցում ամբողջ օրն աշխատելով՝ հիմնականում իրիկունները տանն էր մտածում, եւ երբ իր մտածելուն որեւէ մեկս խանգարում էր, հայրս ահավոր էր նյարդայնանում, բայց էս դեպքում էլ առանձնապես ճշգրիտ չեմ, որովհետեւ երբ հայրս մտածում էր, նրան շատ դժվար էր խանգարել, քանի որ հայրս ի վիճակի էր մտածել նույնիսկ աղմուկի մեջ եւ անգամ հեռուստացույց նայելիս, եւ հորս մտածելը միայն էն դեպքում էր ընդհատվում, երբ մայրս հանկարծակի սկսում էր մեր բնակարանի մաքրությամբ զբաղվել եւ հորիցս պահանջում էր բազկաթոռից վեր կենալ ու տեղափոխվել բազմոցին, ու էդ պահերին հայրս ահավոր բարկանում ու հունից դուրս էր գալիս, եւ ես ու քույրս էլ էինք մորս վրա բարկանում՝ հասկանալով, որ հորս մտքի թելը կտրվեց, ու նաեւ հասկանում էինք, որ մայրս դիտմամբ է իր էդ իրիկնային մաքրությունները նախաձեռնում, որպեսզի հորս մտածելն ընդհատի, որովհետեւ, ի տարբերություն հորս, մայրս լռություն չէր սիրում եւ նմանապես լռել չէր սիրում, ինչպես նաեւ՝ մտածել, եւ հատկապես ու առանձնապես ուրիշների՛ մտածելը չէր սիրում եւ հաճախ հորս մտածելն էդպես արհեստականորեն ու դիտավորյալ ընդհատում էր, որպեսզի մեր ընտանիքի անդամներով մի քիչ իրար հետ հաղորդակցվեինք, բայց հայրս ոչ միայն մեզ էր անհաղորդ, այլեւ՝ աշխարհին ու բոլորին, ու էդ էր պատճառը, որ հորս գործընկերներն էլ հորս չէին հասկանում, ու հիմնականում իր էդ չհասկացվելն էր պատճառը, որ հայրս իր գործընկերներից ժամանակ առ ժամանակ նեղանալով՝ խռովում ու գնում՝ միանգամայն այլ տեղ նոր արհեստանոց էր բաց անում, չեղած տեղից նոր աշակերտներ էր գոյացնում, դրանց մեկ առ մեկ վարպետ ու մարդ էր դարձնում եւ հետներն աշխատում էր՝ ընդհուպ էն պահը, երբ հասկանում էր, որ էս նորերն էլ իրեն չեն հասկանում, ու էդպես՝ քառասունութից մինչեւ ութսունհինգ թվականը, երբ հայրս հիվանդացավ ու ժամանակից շուտ թոշակավորվեց՝ իր հիմնադրած էդ բոլոր արհեստանոցները թողնելով իր աշակերտներին, եւ հիմա իր հիմնադրած էդ բոլոր արհեստանոցների տեղերում զանազան խանութներ են, եւ հորս հիմնադրած արհեստանոցները հինգն էին՝ Պրոսպեկտինը, Սվերդլովինը, Կասյանինը, Սառաջովինն ու Շիլաչունը, եւ Շիլաչունը վերջինն էր ու էսօրվա դրությամբ նույնպես խանութի է վերածված, ու ամեն անգամ էդ խանութներից մեկնումեկին նայելով՝ ամեն անգամ մտածում եմ, որ դրանցից մեկն էսօրվա դրությամբ կարող էր իմը լինել, բայց էդպես մտածելիս՝ երբեւէ հորս դեմ չեմ չարանում եւ հույս ունեմ, որ իմ երեխեքն էլ իմ դեմ չեն չարանա՝ երբեւէ հասկանալով, որ ծայրեծայր սեփականացված մեր մայրաքաղաքում իրենք որեւէ սեփականություն չունեն, բայց էս մտածելով՝ ամենեւին մտադիր չեմ հորս հետ համեմատվել, որովհետեւ հայրս, ի տարբերություն ինձ, չափազանց ինքնամփոփ ու չափազանց քչախոս մարդ էր ու, կարելի է ասել, նաեւ ուժեղ մարդ էր, որովհետեւ հեշտությամբ եւ նույնիսկ սիրով էր մենակությանը դիմանում, մինչդեռ էդ հոր որդին, ահա, երկու հազար յոթի սեպտեմբերի չորսին գրական ու բուքմեյքերական իր շրջապատից մազապուրծ՝ «Բելաջիո» ռեստորանում նոր շրջապատի փնտրտուքի մեջ էր, բայց հիմա՝ էս պահին, երբ հիշում եմ, թե էդ իրիկուն ինչպիսի համառությամբ էին տղերքն ինձ համոզում բջջայինի տեր դառնալ, եւ որ հիշում եմ՝ ինչպես էի համառորեն դիմադրում իրենց էդ միանգամայն նորմալ ու մարդկային հորդորին, սկսում եմ մտածել, որ ես, այնուամենայնիվ, իմ հոր արժանավոր զավակն եմ: