Շատերը գիշերային ժամերին ուտելու գայթակղությանը չեն դիմանում եւ համեղ «ընթրիք» են կազմակերպում քնելուց առաջ…
«Մեղքը» գործելուց հետո նրանք իրենց անկարող են զգում այս անցանկալի սովորության դեմ: Սակայն այդ գայթակղությունից հնարավոր է ազատվել, միայն թե՝ անհրաժեշտ է հետեւել ստորեւ բերված խորհուրդներին:
– Ձեր ստամոքսին խաբեք հեղուկներով. խմեք մեկ բաժակ հանքային ջուր՝ կիտրոնի շերտով, մեկ բաժակ լոլիկի հյութ կամ մեկ գավաթ կանաչ թեյ: Հեղուկը կլցնի ձեր դատարկ ստամոքսը՝ «բթացնելով» քաղցի զգացումը:
– Ընդունեք տաք լոգանք, որը կնվազեցնի ձեր ախորժակը, միաժամանակ կօգնի թուլացնել նյարդերը: Առատ քրտնարտադրությունը, իր հերթին, օգնում է ձերբազատվել օրգանիզմի հավելյալ հեղուկից:
– Եթե քաղցն անհաղթահարելի է թվում, ապա խորհուրդ է տրվում զբաղվել թեթեւ մարմնամարզությամբ: Դա կօգնի մոռանալ սառնարանին մոտենալու ձեր անկառավարելի ձգտման մասին եւ կայրի որոշ քանակության կալորիաներ: Բացի այդ, հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ախորժակը, սակայն մի մոռացեք՝ պետք է խուսափել գերմարզումից, այլապես հնարավոր չի լինի քնել:
– Քաղցի զգացումը հաղթահարելու միջոցներից է արոմաթերապիան. շնչեք գրեյփֆրուտի կեղեւի, անուշահոտ յուղի կամ օծանելիքի բույրը, վառեք հոտավետ մոմեր (ավելի արդյունավետ են ծաղիկների եւ մրգերի բույրերը): Քաղցի եւ հոտառության կենտրոններն իրար մոտ են գտնվում, հետեւաբար՝ արոմաթերապիան եւս ժամանակավորապես «կբթացնի» ձեր քաղցի զգացումը:
– Կարելի է՝ ընթրիքից հետո միրգ, անյուղ յոգուրտ կամ դառը շոկոլադ վայելել, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը եւ կօգնի պայքարել քաղցի զգացողության դեմ:
– Ընթրիքին մի օգտագործեք համեմունքներ. դրանք մեծացնում են ախորժակը եւ գրգռում քաղցի զգացումը անգամ ուտելուց հետո:
– Ձեր տեսադաշտից հեռու պահեք կալորիաներով հարուստ սնունդը, փոխարենը՝ մատչելի տեղերում դնելով մրգեր եւ բանջարեղեն:
– Կարելի է քնելուց առաջ դուրս գալ զբոսանքի, որը ձեզ կշեղի ուտելու ծանր մտքից: Իր հերթին թարմ օդը կարող է մեծացնել ախորժակը, հետեւաբար՝ զբոսանքի այնպիսի ժամ ընտրեք, որից անմիջապես հետո պետք է քնեք:
– Առանց շաքարի մրգային մաստակ ծամեք. ծամելն ու քաղցր համը եւս օգնում են «խաբել» ախորժակը:
– Մաքրեք ձեր ատամները. այն մաքրելուց հետո չուտելու պայմանական ռեֆլեքսը կաջակցի ձեզ խուսափել ուտելուց:
– Ձեզ պատկերացրեք գեղեցիկ, նրբակազմ, ամենագրավիչ ու ամենացանկալի… նման հեռանկարը հաստատ կստիպի հրաժարվել ուտելու գաղափարից:
– Իսկ եթե դժվար եք պատկերացնում՝ խորհուրդ է տրվում նայել ժամանցային ամսագրերի բարեկազմ գեղեցկուհիներին. նրանց նմանվելու ցանկությունը ուտելու գայթակղությունից ուժեղ կլինի: