Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ երգչի առողջական վիճակը բավարար էր։ Ըստ դիահերձման արդյունքների՝ երգչի մարմնում ալկոհոլի կամ որեւէ արգելված թմրադեղի հետքեր չեն եղել։ Ջեքսոնը, որ մահացել էր այս տարվա հունիսի 25-ին, տառապում էր հոդերի բորբոքումով եւ խրոնիկ թոքաբորբով։ Սակայն, ինչպես նշվում է հաշվետվությունում, այդ ամենը չէին կարող հանգեցնել մահվան։ Մայքլ Ջեքսոնի սրտի, երիկամների եւ մյուս հիմնական օրգանների վիճակը նորմայի սահմաններում է եղել։ Փոփ արքայի մաշկի վրա հայտնաբերվել են բազմաթիվ սպիներ եւ մի քանի դաջվածք, որոնք կոսմետիկ բնույթ էին կրում։ Սակայն երգչի օրգանիզմում չի հայտնաբերվել որեւէ դեղամիջոց, բացի Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուռեյի նշանակած դեղերից։ Դատափորձաքննության արդյունքները քիչ հավանական են համարում Մյուռեյի այն հիմնավորումը, որ Ջեքսոնը տառապել է բժշկին անհայտ լուրջ խրոնիկ հիվանդություններով, որոնք էլ դարձել են մահվան պատճառ: