Թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարելու համար Լոռու մարզում մեկնարկել է «Թրաֆիքինգի դեմ պայքարի երիտասարդական ցանց» ծրագիրը: Ծրագրի արդյունքում կստեղծվի երիտասարդական ցանց, որի մասնակիցները տեղեկատվություն կտարածեն թրաֆիքինգի եւ դրա զարգացման միտումների մասին, բացատրական զրույցներ կունենան բնակչության հետ, ինչն էլ կօգնի կանխել երեւույթի զարգացումը, մեզ հետ զրույցում ցանցի ստեղծման անհրաժեշտությունն այսպես է բացատրում Լոռու Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի առաջատար մասնագետ Արտյոմ Նահապետյանը: Ցանցը կունենա 25 անդամ՝ ապագայում ընդլայնվելու միտումով: Ցանցի գործունեության 3 տարիների ընթացքում ուշադրություն կդարձվի գյուղական համայնքներին, որտեղ հատկապես այսօրինակ տեղեկատվության պակաս է զգացվում: Լոռու մարզում հաջողելու պարագայում թրաֆիքինգի դեմ պայքարի երիտասարդական ցանցեր կստեղծվեն նաեւ ՀՀ մյուս մարզերում: Այս ծրագիրն անցկացվում է «Մարզաբնակ երիտասարդների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:
Սեպտեմբերի 26-27-ին երկօրյա սեմինար քննարկումներով սկիզբ դրվեց ցանցի գործունեությանը: Մասնակիցները թրաֆիքինգի մասին իրազեկման թռուցիկներ տարածեցին Վանաձորի կայարանում, ավիացիոն գործակալություններում, այլուր: