Մտածեք առողջ հաճույքի մասին. խորհուրդ է տալիս սեքսապաթոլոգը
Հղիությունից զերծ մնալու համար տարիներ առաջ մարդկությունն օգտագործում էր խոտաբույսերից պատրաստված թուրմեր, դեղորայք եւ բազմապիսի այլ ավանդական միջոցներ, այնքան ժամանակ, մինչեւ մի օր դրանց փոխարինելու եկան ավելի ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները: Այսօր արդեն պահպանակներն ամենատարածված հակաբեղմնավորիչներն են, եւ մարդիկ դրանք օգտագործում են ոչ միայն անցանկալի հղիությունից, այլեւ սեռական ճանապարհով փոխանցվող բազմաթիվ հիվանդություններից խուսափելու համար:
Պահպանակները հայտնի են մարդկությանը մոտ 400 տարի: Իսկ ամենահին պահպանակը, որը գտել էին Շվեդիայի Լունդ քաղաքում, թվագրվում է 1640 թվականով: Որոշ տվյալների համաձայն՝ պահպանակները կիրառվում էին նաեւ Հին Հռոմում եւ Հին Եգիպտոսում: Թե հայերիս համար երբ են հասանելի դարձել պահպանակները՝ կոնկրետ թիվ չենք կարող նշել, սակայն կա մի անհերքելի փաստ. հայերը չնայած քայլում են ժամանակին համընթաց՝ հեռու են պահպանակների «մշակույթից»:
Թե ինչպիսին է հակաբեղմնավորիչ մեթոդներից օգտվելու կուլտուրան Հայաստանում՝ փորձեցինք պարզել բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ-ի սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արսեն Գրիգորյանից: Ըստ նրա. «Կուլտուրա չկա, եթե այդ մշակույթը մեզանում ձեւավորված լիներ, կանայք հարեւան-ընկերուհի-բարեկամով չէին ընտրի ինչ-որ հակաբեղմնավորիչ հաբեր, առանց մասնագետի թույլտվության չէին խմի, տղամարդիկ էլ չէին ամաչի դիմել սեքսապաթոլոգի՝ պահպանակ օգտագործելու ձեւն իմանալու համար: Այսօր 16 տարեկան աղջիկը կարող է անգիտակցաբար ընկերուհու խորհրդով դեղատնից ձեռք բերել հակաբեղմնավորիչ եւ օգտագործել իր զուգընկերոջից գաղտնի: Մարդիկ իրենց գանգատների մասին չեն պատմում բժշկին, այլ նախընտրում են հարեւանին հարցնել՝ սուրճ խմելիս, կամ էլ ընկերոջից, ընկերուհուց…»:
Ըստ մասնագետի՝ կուլտուրայի պակասը պայմանավորված է ինֆորմացիայի ոչ ճիշտ աղբյուրների առկայությամբ. «Օրինակ, պահպանակ օգտագործելու խնդիրը, դրա կիրառումը բավական ցածր մակարդակի վրա են: Կան տարբեր աղբյուրներ, որտեղից հնարավոր է ստանալ սխալ, թերի ինֆորմացիա: Եվ հույսը դնել ընկերոջ ասածի, նկարագրածի վրա՝ բավական չէ: Պահպանակների օգտագործումը հայ տղաների շրջանում մեծ խնդիր է, նրանք ուղղակի չգիտեն՝ ինչպես պետք է այն օգտագործել, ինչպես վարվել դրանց հետ: Բնականաբար, ոչ ոք չի գնա դեղատուն եւ ասի՝ պահպանակի օգտագործման ձեւը ցույց կտա՞ք: Տղաները հիմնականում պահպանակի օգտագործման ձեւն այն աղջիկներից են իմանում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ հարաբերություն են ունենում: Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ինձ դիմել են պարզապես պահպանակ օգտագործելու ձեւը չիմանալու խնդրով: Մի տղա կար, անընդհատ բողոքում էր, որ իր մոտ չի ստացվում պահպանակը ճիշտ օգտագործել, անընդհատ պատռվում է: Ես նրան փորձեցի օգնել, հանձնարարեցի համապատասխան գրականություն՝ նկարագրումներով: Ինձ նրա մեջ դուր եկավ ազատությունը, որ չամաչեց բարձրաձայնել իր խնդրի մասին: Սակայն նման ազատ մտածողները մեր հասարակությունում շատ քիչ են: Դեռեւս ապրում ենք ջայլամի քաղաքականությամբ՝ գլուխներս հողի տակ թաքցրած… Սեռական հարաբերության ժամանակ պահպանակը պարտադիր է, միայն հաճույքը չէ, որ պետք է վայելել, պետք է մտածել առողջ հաճույքի մասին»:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, հակաբեղմնավորիչների օգտագործումն ունի եւ դրական, եւ բացասական ազդեցություն. «Առանց դրանց՝ առողջ կյանքի մասին կարելի է միայն երազել: Եթե հակաբեղմնավորիչները չլինեին՝ մեր ազգն ավելի կշատանար, երբ դրանք չկային՝ ծնելիության մակարդակը շատ ավելի բարձր էր: Մյուս կողմից էլ, եթե հակաբեղմնավորիչները չլինեին, շատ կլիներ աբորտների քանակը: Հակաբեղմնավորիչների ի հայտ գալուն պես կարծես թե կարգավորվեց ընտանիքի պլանավորման հարցը: Զույգերը սկսեցին պլանավորել երեխաներ ունենալու ծրագրերը»:
Հակաբեղմնավորիչների հակացուցումների մասին էլ բժիշկը նկատեց. «Կան տարբեր տեսակի հակաբեղմնավորիչներ. օրինակ՝ այնպիսիները, որոնք որեւէ հակացուցում չունեն: Ամենահայտնին եւ ամենակիրառելին պահպանակներն են: Հակացուցումների տոկոսն ավելի բարձր է դեղահաբերի տեսքով հակաբեղմնավորիչների պարագայում, որոնք խմում են սեռական հարաբերությունից առաջ: Այս տեսակի հակաբեղմնավորիչները բարձր էֆեկտիվություն ունեն, բայց սրանցից յուրաքանչյուրն էլ ունի որոշակի կողմնակի ազդեցություն, մասնավորապես այն հաբերը, որոնք նախատեսված են կանանց համար: Ցանկացած հակաբեղմնավորիչ դեղամիջոց օգտագործելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ, որովհետեւ դրանցից շատերը հորմոններ են պարունակում, ինչը ենթադրում է բժշկի պարտադիր ցուցում»:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն ունեն հակաբեղմնավորիչները ամուսնական հարաբերություններում, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Պահպանակը ինչ-որ տեղ թուլացնում է տղամարդու զգացումային պահը եւ կարող է անբավարարվածություն առաջացնել, ինչն էլ ազդում է զույգերի միջանձնային հարաբերությունների վրա. գուցե դրանից տղամարդը կոմպլեքսավորվի եւ կոնֆլիկտի աղբյուր հանդիսանա: Ասում են՝ պահպանակով սեքսը նույնն է, ինչ հակագազով վարդից հոտ քաշես: Չնայած այսօր կան պահպանակներ, որոնք ունեն նվազագույն բարակություն, դրանք հիմնականում թանկ են՝ 3000-5000 դրամ եւ սովորական մարդու գրպանին հասանելի չեն»:
Իսկ ինչ վերաբերում է պահպանակների նկատմամբ զույգերի վերաբերմունքին, սեքսոլոգն ասաց. «Աղջիկների մոտ այդ կոմպլեքսը դեռ առկա է: Դեռ այնքան չեն հասունացել, որ հասկանան՝ դա առողջության համար է, իզուր չեն ասում՝ անվտանգ սեքս: Այս ամենը խիստ անձնավորված է եւ կապ ունի աղջկա ինտելեկտուալ զարգացածության հետ, որովհետեւ ցանկացած առողջ տղամարդ, կին, որն ապրում է սեռական կյանքով, կարող է ունենալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, այն էլ թաքնված, ինչի մասին անգամ վարակի կրողն էլ չիմանա ու սեռական հարաբերության ժամանակ վարակի զուգընկերոջը: Ոչ ոք զերծ չէ վարակից, ամենաառողջ մարդուն էլ սպառնում են սեռավարակները, հատկապես՝ մեր ժամանակներում: Այդ պատճառով էլ խորհուրդ կտայի գոնե առաջին սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակ»: