Նախորդ 8 ամիսների կտրվածքով Երեւանում արձանագրվել է 4696 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 1760-ով ավելի է:
Երեկ ՀՀ ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը: Նրա խոսքով, նախորդ ամիսների տվյալներով մայրաքաղաքում կատարված հանցագործությունները հանրապետության հանցագործությունների 49.8%-ն է կազմում, նախորդ տարվա 54%-ի փոխարեն: Ն. Նազարյանի բնորոշմամբ, այս տարի էլ հանցագործություններով աչքի են ընկել Կենտրոն եւ Արաբկիր համայնքները: Պարոն Նազարյանը, ներկայացնելով հանցատեսակների վերլուծությունը, նշեց, որ հանցագործությունների աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին, դրանց թիվը ավելացել է 836-ով, 674-ով՝ անձնական գույքի գողությունները, 62-ով՝ բնակարանային գողությունները, կողոպուտները՝ 10-ով: Ոստիկանությունում աճ են արձանագրել նաեւ անձի դեմ ուղղված հանցագործություններում, դրանց թիվն ավելացել է 423-ով, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը՝ 159-ով:
«8 ամիսների ընթացքում ակտիվացել է թմրամոլության դեմ պայքարը, որի արդյունքում ցուցանիշներն աճել են 131-ով, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն ավելացել են 209-ով, իսկ իրացման դեպքերը՝ 108-ով»,- ասաց Ն. Նազարյանը: Նրա համոզմամբ, հանցագործությունների աճը մեր երկրում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, նաեւ վերջին շրջանում ժամանցի կենտրոնների աճով: Պարոն Նազարյանի խոսքով, հանցագործության դեմ պայքարում բարելավվել է հրազենի ապօրինի շրջանառության վիճակը. «23-ով աճել է զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերը, հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 8-ով»: Նախորդ ամիսների ընթացքում նկատելի է ավտոառեւանգումների կայունացման միտում. գրանցված ավտոառեւանգման 30 դեպքից 17-ը դեռ բացահայտված չէ: Նախորդ տարվա համեմատությամբ 23, 4%-ով աճել են դիտավորյալ սպանությունների բացահայտման դեպքերը. նախորդ տարվա նույն ամիսների 45%-ի փոխարեն բացահայտման դեպքերը կազմել են 68.4%: Ն. Նազարյանի խոսքով, նվազել են մայրաքաղաքում ավազակային հարձակման դեպքերը: 8 ամիսների ընթացքում բացահայտվել է 26, իսկ չբացահայտված է մնացել 32 ավազակային հարձակում: 2009-ի հանցագործությունների բացահայտման գործում ոստիկանությունում հաջողություն են համարում Արաբկիրի տարածքում մայիսին կատարված դաժան սպանության դեպքը, ԱՄՆ քաղաքացի Բերբերյանի սպանության դեպքը եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Արաբկիր համայնքի մասնաճյուղում հուլիսի 22-ին տեղի ունեցած ավազակային հարձակման բացահայտումը. «Հաջորդ օրը վերջինը բացահայտվել է, պարզվել է, որ այն կատարել են Վրաստանի 3 քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են Բագրատաշենի սահմանապահ անցակետում: Նույն հանցախումբը ՀՀ-ում իրագործել է մի շարք բնակարանային հանցագործություններ»,- ասաց Ն. Նազարյանը: Նրա փաստարկմամբ, չնայած նախորդ ամիսների տվյալներով 62%-ով աճել են բնակարանային գողությունները, բայց 10.5%-ով աճել են նաեւ բացահայտման դեպքերը: