«Armenia Grateful 2 Rock»՝ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում Երեւանում են գտնվում «Դիփ Փարփլ» խմբի մենակատար Յան Գիլանը, «Բլեք Սաբաթ» խմբի կիթառահար Թոնի Այոմին, «Ասիա» խմբի անդամ Ջոուֆ Դաունսը, ավստրալիացի լեգենդար թենիսիստ Փեթ Քեշը:
Ինչպես, ըստ «Մեդիամաքսի», նշել է Յան Գիլանը, առաջին անգամ նա Հայաստան է այցելել 1990 թվականին եւ այդ հիշողություններն անմոռանալի են: Անմիջապես Սպիտակի երկրաշարժից հետո նրան դիմել է Ջոն Դին՝ Rock Aid Armenia նախագծին մասնակցություն ունենալու առաջարկով, որից հետո իրենք այցելել են Հայաստան: «Ինձ մի տարեց կին մոտեցավ եւ ցույց տվեց իր 28 հոգանոց ընտանիքի լուսանկարը, որտեղ պատկերված էին իր երեխաները, թոռները, ծոռները: Նրանք բոլորը մահացել էին՝ կինը մնացել էր միայնակ: Եվ երբ ինձ խնդրեցին պատմել տեսածս, ես չկարողացա արտաբերել եւ ոչ մի բառ, միայն հեկեկացի»,- նշել է Յան Գիլանը: Նա ասել է, որ ներկայիս այցը եւս առաջինն է, քանի որ սա արդեն այլ երկիր է. «Համենայնդեպս, ես ձեր օդի մեջ արկածախնդրության ոգի եմ զգում»: Գիլանը հույս է հայտնել, որ դարձյալ կվերադառնա Երեւան եւ այս անգամ հանդես կգա սիմֆոնիկ նվագախմբի հետ, հնարավոր է՝ կնվագի հայ ռոք երաժիշտների հետ: