Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈԳՈԼԻ «ՇԻՆԵԼԸ»՝ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"Լեգենդար «Կրեդոն» հիացրեց հայ հանդիսատեսին

Հոկտեմբերի 1-ին «Հայֆեստ» միջազգային 7-րդ թատերական փառատոնը բացվեց բուլղարական լեգենդար «Կրեդո» թատրոնի նույնքան լեգենդար «Շինել» բեմադրությամբ՝ ըստ Գոգոլի համանուն նովելի: Այն խաղացվել է շուրջ 500 անգամ, շրջել աշխարհով մեկ, մասնակցել 150 եւ ավելի թատերական փառատոների: Դերասաններ Նինա Դիմիտրովան եւ Վասիլ Վասիլեւ-Զուեկը, որոնք նաեւ մտահղացման հեղինակներն են, «Շինելը» խաղում են 9 լեզվով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգամ ճապոներեն: Անցյալ տարի «Կրեդո» թատրոնի հիմնադրման 15-ամյակի առիթով Բուլղարիայի մշակույթի գործիչների միությունը թատրոնին շնորհել է ազգային բարձրագույն՝ «Իկար» մրցանակ, բուլղարական մշակույթը աշխարհով մեկ քարոզելու համար:

Բուլղարական «Շինելը» տրագիկոմեդիա է՝ մեկ գործողությամբ. կլոունադայի եւ իմպրովիզացիայի սկզբունքները օգտագործելով՝ Նինա Դիմիտրովան եւ Վասիլ Վասիլեւ-Զուեկը յուրովի են մեկնաբանել դասական ստեղծագործությունը: Նրանց «Շինելը» ներկայացում է չինովնիկի, ուրվականի եւ շինելի մասին: Կամ ավելի շատ պատմություն է՝ երկու պետերբուրգցիների մասին, որոնք զբաղված են թափառական շներ որսալով: Սյուժեն այնպես է կառուցված, որ մեկ էլ բեմում հայտնվում են երկու վախեցած ծաղրածուներ, մեկը՝ թմբլիկ ու ահավոր աշխույժ, մյուսը՝ մտավոր հետամնացության «ախտանիշներով»: Նրանք մեղադրյալի կարգավիճակում երդվյալ ատենակալներին, այսինքն՝ դահլիճի հանդիսատեսին, աղիողորմ լաց լինելով պատմում են շների համար դրված թակարդն ընկած ուրվականի մասին: Վերջինս ոչ այլ ոք է, քան չինովնիկ Բաշմաչկինը՝ Ակակի Ակակիեւիչը, որ չդիմանալով սիրելի շինելի կորստին՝ մահացել է, ու ուրվականն էլ դեգերում է սառցակալած Պետերբուրգի փողոցներում, փորձում խլել սարսափահար անցորդների շինելները: Բացի հետաքրքիր լուծումներից ու անակնկալներից, ուշագրավն այն էր, որ մի քանի փայտը, լաթը ու ստվարաթուղթը հենց բեմի վրա՝ հանդիսատեսի աչքի առաջ մեկ էլ վերածվում են Բաշմաչկինի, շինելի, վանդակի, օրորոցի, մահացած չինովնիկի դագաղի եւ այլնի:

Ի դեպ, Ակակի Ակակիեւիչի մասին: Երբ ծնվում է նա, միանգամից սկսում է ճչալ, որովհետեւ, ներկայացման հերոսների ասելով, էն գլխից գիտեր, որ հետագայում չինովնիկ է դառնալու: Ու հետո տարիներ անց սկսվում է նրա տաղտկալի առօրյան՝ գրել-ջնջել-գրասենյակում նստել եւ եթե պետք է՝ նոր շինելի համար փող խնայելով՝ բավարարվել միայն հոգեւոր սննդով: Ակակի Ակակիեւիչի ամենասիրելի զբաղմունքը տառեր գրելն է, ինչպես փոքրիկ երեխան՝ նա տառերի մեջ իմաստ է դնում. օրինակ ն-ն ասոցացվում է իրեն դուր եկած կնոջ՝ Նադեժդա Իվանովայի, շ-ն՝ պաշտելի շինելի, մ-ն՝ մայրիկի հետ: Բայց, չէ՛, Բաշմաչկինն այդքան էլ չի սիրում մ-ն, այն նաեւ պետերբուրգյան ցուրտն է հիշեցնում (мороз), այն դեպքում, երբ ինքը պատառոտված շինելով է… ուրեմն, կարելի է անմիջապես ջնջել չարաբաստիկ մ-ն:

Ողջ ներկայացման ընթացքում դերասանները «ստուգում» էին դահլիճի ռեակցիան՝ իրենց հարցերն ուղղելով: Վերջում էլ ուրախացած եզրակացրին՝ «они на самом деле все поняли…»:

«Կրեդոյի» «Շինելը» հայ հանդիսատեսի կողմից էլ ջերմորեն ընդունվեց՝ 15 րոպե շարունակ հնչող «բրավոները» թույլ չէին տալիս դերասաններին հեռանալ բեմից:

Հ. Գ. -1. Հաճելի է, երբ Երեւանը ժամանակ առ ժամանակ վերածվում է փառատոնային քաղաքի, վատ է, որ Երեւանի քաղաքապետարանը ֆինանսապես չի աջակցում նման նախաձեռնություններին, տվյալ դեպքում՝ «Հայֆեստի» կազմակերպիչներին:

Հ. Գ. -2 Տպավորված լինելով բուլղարացի արտիստների հրաշալի խաղով, չեմ կարող չթաքցնել հիասթափությունս՝ փառատոնի կամերային մասը, մասնավորապես՝ ներկայացումը նշանակված ժամից 30 րոպե ուշ սկսելու առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել