«BBC»-ի փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանում որոշակի ուժեր խանգարել են Մինսկին ճանաչել Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «Ռուսաստանում ինչ-որ մեկն ուզում էր մեզ ուղղորդել դրան: Պետության վերահսկողության տակ գտնվող կենտրոնական ԶԼՄ-ներում մեր դեմ արշավ սկսեցին, թե՝ իբր Ռուսաստանը մեզ 500 միլիոն չի տվել եւ մենք էլ անկախությունը չենք ճանաչել: Կարծես թե այդ փողերի համար է, որ ես պիտի ճանաչեմ կամ չճանաչեմ: Ես էլ ասացի՝ «հոպ, տղանե՛ր, այդպես չի լինի»,- նախագահի խոսքերը մեջբերել է աղբյուրը:
Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, թե Մինսկում ավարտում է ՀԱՊԿ շրջանակներում Արագ արձագանքման հավաքական ուժերի պայմանագրին Բելառուսի միանալու հետ կապված փաստաթղթերի պատրաստման գործընթացը: Մինսկը ժամանակին հրաժարվել էր ստորագրել այդ պայմանագիրը՝ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնք կապված էին այս տարվա հունիսին ՌԴ կողմից Բելառուսից կաթնամթերքի ներկրման արգելքի հետ: