Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանում տեղի է ունեցել «Շնոբելյան («Հականոբելյան») մրցանակի» տարեկան մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակը նախատեսված է գիտական ամենաանհեթեթ հայտնագործությունների համար, «որոնք նախ՝ ծիծաղ են առաջացնում, իսկ հետո՝ ստիպում են մտածել»,- փոխանցում է «Reuters» գործակալությունը:

Առողջապահության ոլորտում այս անգամ փառքուպատվի իրենց բաժինն են ստացել ամերիկացի ինժեներներ Էլենա Բոդնարն ու Իլլինոյսայի նրա գործընկերները, որոնք մշակել են կրծկալ, որը հաշված վայրկյանների ընթացքում վերածվում է հակագազի: Ընդ որում, մեկ այդպիսի «գազա-կրծկալից» ստացվում է շնչելու միանգամից երկու դիմակ՝ տիրոջ եւ դրա կարիքն ունեցող հարեւանի համար: Գրականության ոլորտում «Շնոբելյան մրցանակի» են արժանացել իռլանդացի ոստիկանները, որոնք ավելի քան 50 տուգանք են գրել մի լեհի անունով՝ Պրավո Յազդի, որը լեհերենից թարգմանաբար նշանակում է «վարորդական իրավունք»: Շվեյցարացի պաթոլոգանատոմ Ստեֆան Բոլինգերը «Հականոբելյան մրցանակ» է ստացել իր այն հետազոտության համար, որի արդյունքում եզրակացրել է, որ գարեջրի դատարկ շիշը բարերում ծավալվող ծեծկռուտիքների ժամանակ շատ ավելի էֆեկտիվ է, քան լիքը շիշը, որը շուտ է կոտրվում եւ չի կարող երկար ծառայել որպես սառը զենք:

Մաթեմատիկայի ոլորտում «Հականոբելյան մրցանակի» է արժանացել Զիմբաբվեի ազգային բանկի ղեկավար Գիդեոն Գոնոն, որը շրջանառության մեջ է դրել Զիմբաբվեի մեկ ցենտից մինչեւ 100 տրիլիոն դոլար թղթադրամներ: Մրցանակակիր է դարձել նաեւ լոս-անջելեսցի Դոնալդ Անգերը, որն ապացուցել է, որ մատերի հոդերով «ճտացնելը» արթրիտ չի առաջացնում: Դրա համար նա 60 տարի շարունակ ճտացնում էր ձախ ձեռքի հոդերը՝ անշարժ թողնելով աջը:

Քիմիայի ոլորտում այդ մրցանակին արժանացան մեքսիկացիներ Խավիեր Մորալեսն ու Միգել Ապատիգոն, որոնք ադամանդ են ստացել տեկիլայից: Մյուս անվանակարգերում «Շնոբելյան մրցանակի» են արժանացել ֆերմերները, որոնք ապացուցել են, որ անուն ունեցող կովն ավելի շատ կաթ է տալիս, քան՝ անանուն կովը: Մրցանակակիրները աշխարհի տարբեր երկրներից արարողությանը ժամանում են իրենց հաշվին, իսկ մրցանակները նրանց հանձնում են Նոբելյան մրցանակակիրներն անձամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել