Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը (նկարում) ուրբաթ օրը Տիրասպոլում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ իր գլխավորած հանրապետությունը չի պատրաստվում Մոլդովայի հետ մերձեցման քաղաքականություն վարել եւ պատրաստ է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ: «Newsru»-ի մատուցմամբ, Սմիռնովն ասել է, թե Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը բանակցություններ կվարի Քիշնեւի հետ՝ այդ երկրի նոր նախագահի ընտրություններից հետո, հաշվի առնելով 2006թ. Մերձդնեստրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:
Հիշեցնենք, որ այդ հանրաքվեի արդյունքում չճանաչված հանրապետության ազգաբնակչության 97,2%-ը քվեարկել էր Մերձդնեստրը անկախ հանրապետություն հռչակելու եւ ՌԴ-ին միավորվելու օգտին: Սմիռնովը շեշտել է, որ Մոլդովայում աջերի իշխանության գալուց հետո կտրուկ ավելացել է ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման վտանգը: Նա հայտարարել է նաեւ, թե մինչեւ ընթացիկ տարեվերջ հանրաքվեի կդրվի հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը, որը հիմնականում նման է Ռուսաստանի մայր օրենքին: «Կոմերսանտը» շեշտում է, որ չնայած Մերձդնեստրում առաջարկվող եւ ՌԴ-ում գործող սահմանադրությունների նմանություններին, այդուհանդերձ, չճանաչված հանրապետության նոր Սահմանադրության նախագիծն ունի մեկ գլխավոր առանձնահատկություն: Դա այն է, որ նախագծով սահմանափակված չէ նախագահի անընդմեջ ընտրությունը երկրի ղեկավարի պաշտոնում: Եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, Մերձդնեստրի խորհրդարանը կլուծարվի, եւ Սմիռնովը հավետ կմնա հանրապետության նախագահ: