Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի եւ «վեցյակի» հանդիպումը արդյունավետ է եղել

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"Ռուսաստանն ու Ֆրանսիան պատրաստ են հարստացնել իրանական ուրանը՝ այն խաղաղ նպատակներով օգտագործելու համար: «Նյու-Յորք թայմսի» փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը Շվեյցարիայում Իրանի եւ «վեցյակի» երկրների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա: Աղբյուրի տեղեկություններով, ՄԱԿ-ի ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, գործակալության ղեկավար Մոհամմեդ Էլ Բարադեի (նկարում) գլխավորությամբ, առաջիկայում մեկնելու են Իրան՝ ինչպես այդ խնդրի շուրջ համաձայնագրի կնքման մանրամասների, այնպես էլ ուրանի հարստացման գործարաններում տեսչական այցի ժամկետների շուրջ պայմանավորվելու համար:

«Ռուսաստանը հաստատել է, որ պատրաստ է հարստացնել իրանական ուրանը, իսկ այդ պրոցեսը ավարտին են հասցնելու ֆրանսիացիները: Եթե հաջողվի իրականացնել այդ նախագիծը, այն կհանգեցնի նվազ հարստացված ուրանի պաշարների էական կրճատմանը»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

Հինգշաբթի Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ իրանցիները սկզբունքորեն համաձայնել են ընդունել այդ առաջարկը: Հոկտեմբերի 18-ին Վիեննայում տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հանդիպումը՝ այդ համաձայնագրի մանրամասները ճշտելու համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպման արդյունքները գնահատել է որպես կառուցողական, միաժամանակ՝ Սպիտակ տանն ունեցած իր ելույթում պահաջել, որ Թեհրանն իր խոսքը գործի վերածի: Իրանը, ինչպես խոստացել է, պետք է երկու շաբաթների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին Կումի ուրանի հարստացման գաղտնի գործարաններ՝ «անարգել մուտքի թույլտվություն տա»: Օբաման նախազգուշացրել է, որ միջազգային հանրության համբերությունն անսահմանափակ չէ, եւ եթե Իրանն իր խոստումը չկատարի՝ Միացյալ Նահանգները չի շարունակի անպտուղ բանակցությունները: Օբաման խոստացել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ն կդիմի այլ միջոցների՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել