Նախիջեւանում տեղի ունենալիք թուրքալեզու երկրների համաժողովին մասնակցելու նպատակով Ինքնավար այդ հանրապետություն մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ Էսենբողա օդանավակայանում պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: «News.am»-ը, վկայակոչելով թուրքական CNNturk-ը, փոխանցում է, որ ի պատասխան լրագրողների հարցին՝ հրավիրե՞լ է նա արդյոք Հայաստանի նախագահին Թուրքիա, եւ Հայաստանի նախագահն ընդունե՞լ է հրավերը, Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Ես Հայաստան գնացի առանց նախապայմանների։ Սպորտը ջենթլմենություն է։ Սպորտային ջենթլմենությունը գործունեության խթանիչ է։ Դրա համար էր, որ ես Հայաստան գնացի եւ հուսով եմ, որ Հայաստանի նախագահը նույն մոտեցումը կցուցաբերի եւ կգա։ Իհարկե, հրավերի նամակը ուղարկել եմ։ Եթե գա՝ մենք նրան լավագույն ձեւով կդիմավորենք եւ կպատվենք»։