Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների եւ դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացները: ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ այդ նպատակով սեպտեմբերի սկզբին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը համագործակցության առաջարկով դիմել է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին՝ ստեղծել հանրային վերահսկողության խորհուրդ: Առաջարկին արձագանքել է շուրջ 25 կազմակերպություն:
Երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ 2009 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 11-ը ներառյալ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի հատուկ հանրակրթական դպրոցներում ստուգում իրականացնելու մասին: Նախատեսվում է ուսումնասիրել առարկայական ծրագրերի եւ ուսումնական պլանների կատարման, սովորողների եւ շրջանավարտների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ստուգման եւ գնահատման, ինչպես նաեւ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածության հարցերը: ՀՀ կրթության պետական տեսչությունը ստուգումներ կիրականացնի նաեւ ուսումնական հաստատության ղեկավար եւ մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, որակավորման գործընթացի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաեւ կրթության որակի նկատմամբ ուսհաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, կառավարման մարմինների լիազորությունների իրականացման ուղղությամբ:
Ուսումնասիրությունները հիմք կծառայեն հատուկ կրթության ոլորտի հետագա ծրագրերի իրականացման համար: