Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտությունը շարունակվում է

Հոկտեմբեր 03,2009 00:00

Ֆրանսիական համալսարանը պատասխանող կողմ է դատարանում

Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի եւ նախկին շրջանավարտ Անահիտ Մանասյանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: Ինչպես «Առավոտում» (16.09.2009թ.) էինք տեղեկացրել, Ա. Մանասյանը 2005-ին համալսարանն ավարտելուց հետո բուհի կողմից տրվելիք ֆրանսիական նմուշի դիպլոմը չստանալու պատճառով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի: Նշված գործն արդեն 2-րդ անգամ քննվում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան):

Երեկ կայացավ դատական նիստը, որին ներկա էին հայցվոր կողմ Անահիտ Մանասյանը, նրա ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը, պատասխանող կողմը՝ Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանը, իսկ երրորդ կողմը ներկայացնում էր ԿԳՆ օրենսդրության եւ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Մանուկյանը:

Նիստը սկսվեց հայցվոր կողմի ելույթով, այնուհետեւ պատասխանողը հայցվորին հղեց մի շարք հարցեր: Օրինակ՝ «Պայմանագրով նախատեսվա՞ծ էր լիսանզ եւ բակալավրի դիպլոմ տրամադրել շրջանավարտին»: Հայցվոր կողմի ներկայացուցիչը պատասխանեց. «Պայմանագրում նշված է ֆրանսիական դիպլոմ, եւ ես հիմնավորեցի, թե ինչու է դիպլոմը լիսանզ եւ բակալավրի. հիմնավորումը բխում է օրենքի պահանջից»: Այնուհետեւ անդրադարձ եղավ ԴՍՖ կոչվող ներհամալսարանական դիպլոմին, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ: Պատասխանող կողմը հետաքրքրվեց՝ 2005-ի փետրվարի 19-ի պայմանագրով արդյոք համալսարանը պարտավո՞ր էր Ա. Մանասյանին Ֆրանսիայում ճանաչում ստացող դիպլոմ տրամադրել: Հայցվոր կողմի ներկայացուցիչը պատասխանեց. «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության վերաբերյալ որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայով՝ ստորագրված 1997-ին, սահմանվում է, որ կոնվենցիային միացած երկու պետությունները ստանձնել են պարտավորություն դիպլոմների ճանաչման հարցում: Ակնհայտ է, որ երբ մի պետության կողմից տրվում է դիպլոմ, ապա այն պիտի ճանաչվի մյուս պետության կողմից»:

Այնուհետեւ պատասխանող կողմը խնդրեց ապացույց ներկայացնել դիպլոմային աշխատանքից դրական գնահատական ստանալու մասին: Հայցվոր կողմը հղում կատարեց դիպլոմի միջուկին, որը կցված է գործին: Մի խոսքով, հարցուպատասխանը ծավալվեց ու հասավ այնտեղ, որ արդեն կասկածի տակ դրվեց այն հանգամանքը, թե արդյոք Անահիտ Մանասյանը հանձնել է մե՞կ դիպլոմային աշխատանք, թե՞ երկու: Ա. Մանասյանը հայտարարեց. «Ես հանձնել եմ 1 դիպլոմային աշխատանք, որը վերաբերում է երկու դիպլոմի ստացմանը, եւ որից ստացել եմ 14.4 միավոր: Կարող եմ վկա կանչել նաեւ ժյուրիի անդամներից մեկին»: Գ. Չաքմիշյանը նշեց, որ իրականում Անահիտը ներկայացրել է 2 դիպլոմային աշխատանք եւ հայկական դիպլոմի համար ներկայացվածից ստացել է 14.4 միավոր, ֆրանսիական դիպլոմ ստանալու համար ներկայացվածից՝ 7.6: Ա. Մանասյանը նշեց. «Չի եղել որեւէ փաստաթուղթ, որով կասվեր՝ ֆրանսիական դիպլոմի համար պետք է հանձնվեր առանձին դիպլոմային աշխատանք: Ես այդպիսի տեղեկություն չեմ ունեցել, ինձ ոչ մի նման փաստաթուղթ չի ներկայացվել»: Դատավորն առաջարկեց, որ առկա հակասությունները վերացնելու համար Գ. Չաքմիշյանը համալսարանից ճշտի ու ներկայացնի այդ դիպլոմային աշխատանքի մասին մանրամասներ, իսկ Ա. Մանասյանը միջնորդություն ներկայացրեց վկա հրավիրել իր համակուրսեցի Քրիստինե Ազատյանին, որպեսզի նա պարզաբանի, թե արդյոք իրենք մե՞կ, թե՞ երկու դիպլոմային աշխատանք են ներկայացրել:

Նիստի ավարտին իր կարծիքը հայտնեց նաեւ ԿԳ նախարարության ներկայացուցիչը. «Դիպլոմը տրվել է տվյալ մասնագիտությամբ ուսանելու համար: Ինձ համար պարզ չէ, թե ինչ չափանիշների հիման վրա Ա. Մանասյանի դիպլոմային աշխատանքը չի բավարարում ֆրանսիական դիպլոմ ստանալու համար: Ինչքան հասկացա՝ դա եղել է նույն թեման, ինչ հայկական դիպլոմ ստանալու համար ներկայացված դիպլոմայինինը, ուստի դրա ֆրանսերեն թարգմանված տարբերակի առնվազն թարգմանությունը պիտի անհաջող լիներ, որ ֆրանսիական նմուշի դիպլոմը ինքը չստանար»: Նիստը դատավոր Ա. Դանիելյանի կողմից հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 8-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել