Կամ՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կատարվածի առեղծվածը
Երեքշաբթի օրը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Մայիլյանի հետ կատարված ողբերգությունը ցնցեց բոլորին: Սակայն նրա մահվան հանգամանքների հետ կապված կան մի շարք մշուշոտ հարցեր: Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Դավիթը ֆիզկուլտուրայի դասաժամին վայր է ընկել բավականին մեծ բարձրությունից եւ քիչ ուշ մահացել: «Առավոտի» որոշ աղբյուրների համաձայն էլ՝ տղան ֆիզկուլտուրայի դասաժամի ավարտից հետո բարձրացել է մարզադահլիճում կախված մագլցման պարանին եւ փորձել է ինչ-որ «տրյուկներ» ցույց տալ իր կուրսեցիներին եւ այդ ժամանակ է վայր ընկել: Ուստի անորոշ այս հարցերում հստակություն մտցնելու համար երեկ այցելեցինք Տնտեսագիտական համալսարան եւ զրուցեցինք դեպքի ականատեսների եւ խնդրին առնչվող այլ կողմերի հետ: Ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վլադիմիր Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց. «Դավիթը պարանից չի ընկել, նա իջել է ներքեւ եւ վատ զգացել իրեն, հետո ընկերները մոտեցել են, որ օգնություն ցույց տան: Դա է վկայում այն, որ Դավիթը ոչ մի տրավմա, կոտրվածք չի ստացել, ուստի խնդիրը կապված է ոչ թե ընկնելու, այլ իր հետ: Դավիթը ամենախելացի եւ պարտաճանաչ ուսանողներից էր, բայց որ հիվանդություն ուներ՝ մենք չենք իմացել, ուղղակի նա միշտ գունատ էր»: Հիշելով դեպքի մանրամասները, Վ. Գեւորգյանը նշեց. «Մյուս կողմից էլ, եթե շտապօգնությունը ոչ թե 15 րոպեից, այլ ավելի շուտ գար, ապա հնարավոր է այլ ելք լիներ»: Ինչպես Վ. Գեւորգյանը, ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Լեւոն Սամվելյանն ու ամբիոնի դոցենտ, Դավիթենց կուրսի ֆիզկուլտուրայի դասախոս Կարլեն Սարգսյանն էլ նշեցին, նախնական դատաբժշկական փորձաքննությունից հետո Դավիթի մոտ հայտնաբերվել է ավշային գեղձերի քաղցկեղ, ինչը համարյա լրիվ քայքայել է նրա ներքին օրգանները, ազդել ոսկորների վրա:
Քանի որ համալսարանում անընդհատ խոսվում էր այն մասին, որ Դավիթի մոտ փոքր-ինչ տկարություն էր նկատվում, «Առավոտը» ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչից հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչպե՞ս են ուսանողին թույլ տվել մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին: Պարոն Սամվելյանը պատասխանեց. «Առաջին կուրսում առաջին օրն իսկ զրուցում եմ բոլոր ուսանողների հետ՝ ասելով, որ պարտադիր պիտի անցնեն բժշկական քննություն, որից հետո ուսանողները՝ ըստ առողջական վիճակի եւ ֆիզիկական պատրաստվածության, բաժանվում են բուժական, հատուկ եւ հիմնական խմբերի: Նույնիսկ ասել եմ, որ եթե իրենց գանգատները թաքցնում են մեզնից, ապա բժշկուհուն անպայման ասեն, որ հանկարծ որեւէ դեպք չգրանցվի: Դավիթն իր անկետայում անձամբ գրել եւ ստորագրել է, որ բողոքներ չունի: Ու քանի որ այդպես է գրել, բժշկական քննության ժամանակ նրան չեն ուղարկել նեղ մասնագետի մոտ: Իմ կարծիքով՝ երեխան թաքցրել է իր հիվանդությունը: Այստեղ մի քիչ էլ մեղադրում եմ ծնողներին, քանի որ հնարավոր չէ՝ նրանք իմացած չլինեին: Պարանից ընկնելու տարբերակը ժխտում եմ, քանի որ հնարավոր չէր, որ նման հիվանդություն ունեցող երեխան պարանով գոնե կես մետր բարձրանար»:
Զրուցեցինք նաեւ Դավիթենց ֆիզկուլտուրայի դասախոս Կ. Սարգսյանի հետ: Նա հիշեց. «Այդ օրը վոլեյբոլի դաս էր: Ես առաջին կուրսից դասավանդում եմ Դավիթենց, նրանք այնքան էին սիրում վոլեյբոլ խաղալ, այնքան սպորտային էին, որ նույնիսկ որոշել էի նրանց մի մասնագիտական խումբ դարձնել: Իսկ Դավիթը երկու տարվա մեջ անգամ մեկ բացակա չի ունեցել, չնայած նրա ֆիզիկական տվյալները բարձր չէին: Բայց նա անընդհատ ձգտում էր: Նրա կոորդինացիան այնքան էլ լավը չէր, զգացվում էր, որ փոքրուց գնդակ քիչ է խաղացել։ Նույնիսկ երբեմն նրան չէր հաջողվում գնդակը ձեռքով մեկ դաշտից մյուսն ուղարկել»: Ապա պարոն Սարգսյանն անցավ այդ օրվա հանգամանքներին. «Դասն ավարտվել էր, եւ ես մատյանում նշումներ էի անում: Պրակտիկա կա, որ ով ներկա է ստանում՝ ուղարկում ենք հանդերձարան: Արդեն ներկա-բացական ավարտելու ժամանակ էր, մեկ էլ երեխաները գոռացին՝ ջուր-ջուր: Վազքով եկա, տեսա՝ մի ուսանող պառկած է, ջուր բերեցի, արագ բուժկետ զանգեցի,… արդեն շտապօգնություն կանչել էին: Իմ ենթադրությունն այն է, որ Դավիթը մի որոշ ճանապարհ է անցել, եւ երբ հասել է պարանի մոտ, իրեն վատ է զգացել ու բռնել պարանից, ծնկների վրա չոքել է եւ ձեռքերը դրել սպորտային մատերին: Նա չէր կարող բարձրանալ պարանով, մեր կողմից դա հանձնարարված չի եղել»:
«Առավոտը» զրուցեց նաեւ Դավիթի համակուրսեցի Վիգեն Թարխանյանի հետ, ով դեպքի ականատեսն է եղել: Նա պատմեց. «Նշեմ, որ Դավիթը ոչ ոքի չի ասել՝ եկեք տեսեք, պարանի վրա վարժություն եմ անում, ոչ ոք նման բանի ականատես չի եղել: Բացառվում է, որ Դավիթը պարանի վրայից ընկած լինի: Ես հասել եմ այն պահին, որ նա ուշագնաց հետ-հետ էր գնում, ես եմ պահել նրա գլուխը եւ այդ դիրքով պառկած մնացել է»: Այնուհետեւ Վիգենը մանրամասնեց. «Կարծում եմ, որ Դավիթը ոչ թե պարանի վրա է եղել եւ բարձրությունից ընկել, այլ պարանի վրայով սղղալով իջել է եւ ներքեւում վատացել: Այդ է պատճառը, որ նրա շորերի վրա պարանի այդքան մազիկներ էին հավաքվել»։ Վիգենի փոխանցմամբ՝ Դավիթը ընկերասեր էր, խելացի եւ աշխատասեր, նա բուհ է ընդունվել վճարովի համակարգով, բայց իր ցուցաբերած առաջադիմության շնորհիվ տեղափոխվել է անվճար համակարգ: «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Դավիթի հարազատներից, պարզելու՝ արդյոք նրանք համամի՞տ են այն վարկածին, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դավիթի առողջական խնդիրների պատճառով: Բայց քանի որ երիտասարդի հուղարկավորության արարողությունը նոր է տեղի ունեցել, հարազատները հարգելի պատճառներով չցանկացան պարզաբանումներ տալ: