Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱՁՈՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

Հոկտեմբեր 03,2009 00:00

2007 թվականից Տավուշի մարզի 6 համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Գյուղական զարգացման» ծրագրով աշխատանքներ է կատարում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Երեկ Լուսաձոր գյուղում ավարտվեց հերթական ծրագիրը: Մարզպետ Արմեն Ղուլարյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինի մասնակցությամբ բացվեց 6,2 կմ խմելու ջրի ցանցը՝ նոր ջրհան կայանով, վերանորոգված ջրամբարներով. Լուսաձորի բնակիչներն այլեւս շուրջօրյա խմելու ջուր ունեն:

Բացի սրանից, լուսաձորցիները ուրախանալու այլ առիթ էլ ունեին. 90-180 քառ. մետր մակերեսով ջերմատների կառուցումը, որոնք կծառայեն 13 տնտեսությունների: Ըստ նախնական տվյալների, ջերմատների շահագործման ծրագրում ներգրավված յուրաքանչյուր տնտեսություն տարեկան ընտանեկան եկամուտը կավելացնի 600 եվրոյով, իսկ լիարժեք աշխատանքի դեպքում ձմռան ամիսներին լուսաձորցիները կարող են բավարարել տարածաշրջանի բանջարեղենի պահանջարկը: «Գյուղական զարգացման» ծրագրի հիմքում դրված է եղել հենց այս նպատակը, ոչ միայն բարելավել ենթակառուցվածքների աշխատանքը, այլ նաեւ նպաստել համայնքի տնտեսության կայունացմանը, բնակիչների եկամտի ավելացմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի կարծիքով, Տավուշի մարզի հետ համագործակցությունը լավագույն օրինակ է, թե ինչպես է ՄԱԿ-ը մարդասիրականից անցնում զարգացման ծրագրերի իրականացման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել