Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱԿՏՈՐՆԵՐՈՎ՝ «ԸՆԴԴԵՄ» ՏՐԱԿՏՈՐԻՍՏՆԵՐԻ

Հոկտեմբեր 03,2009 00:00

Սեփական գյուղտեխնիկա չունենալը խեղճացնում է համայնքների ղեկավարներին. կախվածության մեջ է պահում ֆերմերից կամ անհատից, որոնց տնամերձ բակերը երբեմն ավտոտեխսպասարկման կայան են հիշեցնում: Համայնքապետերից շատերի կարծիքով՝ տեխնիկայի առկայությունը ոչ միայն իրենց՝ ղեկավարների կախվածության հարցը կլուծեր, այլեւ տեղական բյուջեները լցնելու միջոց կհանդիսանար:

Մինչեւ 2001 թվականը դրամաշնորհներով եւ այլ ծրագրերով ներկրված գյուղտեխնիկան վարձակալությամբ տրվել է ագրոտեխսպասարկման կազմակերպություններին, բայց դրանից հետո Հայաստան բերված 160 կոմբայնն ու 800 տրակտորը վաճառվել են աճուրդով:

ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ այսուհետեւ կփոխվի գյուղտեխնիկայի տնօրինման կարգը: Առաջիկայում Ճապոնիայից ներկրվող հացահատիկահավաք մեքենաներն ու տրակտորները ոչ թե կվաճառվեն, այլ կհանձնվեն նոր ստեղծվելիք մեքենատրակտորային կայանին:

«Ագրոտեխսպասարկում» ընկերության կառույցում ստեղծելու ենք մեքենատրակտորային կայան, առաջինը հիմնելու ենք Շիրակում: Սա շարունակական գործընթաց է, որի հաջորդ կայանը Արարատյան հարթավայրն է: Հասնելու ենք նրան, որ ողջ երկրում ունենանք մեքենատրակտորային կայաններ, որպեսզի հողային աշխատանքներ կատարող մարդուն տեխնիկապես զերծ պահենք անհատի քմահաճույքներից»,- ասաց գյուղնախարարը, նկատի ունենալով սեփականատերերի՝ ըստ ցանկության եւ ըստ սեփական գնացուցակի վար ու հունձ անելու սովորությունները: Նախարարի փոխանցմամբ՝ կամավորության սկզբունքով կայանների աշխատանքներին կներգրավվեն նաեւ այն քաղաքացիները, ովքեր սեփական տեխնիկա ու պահեստամասեր ունեն. «նրանց էլ ենք ընդգրկելու կայանների գործունեության մեջ եւ աշխատելու ենք հստակ, կանոնակարգված ծրագրով»:

Նախարարը վստահեցրեց, որ Ճապոնիայի կառավարության հետ կնքած դրամաշնորհային պայմանագրով ներկրվող գյուղտեխնիկան Հայաստան կհասնի մոտ ապագայում. «Վստահ եմ, որ գարնանացանին այստեղ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել