Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական շատ շրջանակների դժգոհությունը հարուցած Արձանագրությունները քննարկվում են քոլեջի ուսանողուհիների հետ:
Տեղեկացրել ենք, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հավակնոտ անվանումով հ/կ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ, ինչպես իրենք են վերնագրել՝ «համահամայնքային քննարկումներ» են կազմակերպում մարզերում: Արտաշատից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մարտունուց եւ Հրազդանից հետո, սեպտեմբերի 30-ին քննարկման հերթը Դիլիջանինն էր: Քաղաքի հարավային մուտքի մոտ, «Հաղարծին» ռեստորանում հավաքվել էր Դիլիջանի շուրջ 200 ներկայացուցիչ՝ ուսուցիչներ, հ/կ-ների ղեկավարներ, ուսանողներ եւ այլք: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Հավաքի կազմակերպիչներն ասացին, որ քննարկման արդյունքները կներկայացվեն ՀՀ նախագահին եւ արտգործնախարարին: Բոլոր սեղանների շուրջ միաժամանակ քննարկումը վերածվել էր ժխորի եւ իրարից 1,5-2 մետր հեռու նստածները միմյանց լավ չէին լսում: Քննարկումների կեսից գործի անցան հանրապետական 5 հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը՝ սեղանների շուրջ հարցազրույցներ վերցնելով: Սեղանի շուրջ, կողքիս Դիլիջանի պետական քոլեջի 18 տարեկան մի ուսանողուհի էր՝ եւս մեկ դեռատի աղջկա հետ: Ուսանողուհուց իմացա, որ իրենց քոլեջի 10 ուսանողներ ներկա էին այս քննարկմանը: Այստեղ էր նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը: Կամուսնանայի՞ք թուրք տղաների հետ հարցին ի պատասխան՝ աղջիկները շիկնեցին, իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսապես շահի, սակայն քաղաքական ոլորտում մնա ազգային հարցերի պահանջատեր հարցին կարճ կապեցին՝ ոչ: Առանց մանրամասնելու եւ հիմնավորումների:
Դահլիճի երկու մեծ էկրաններին շարունակ «վառվում» էին քննարկման մասնակիցների ուշագրավ, հաճախ իրարամերժ կարծիքները թուրքի, հայ-թուրքական սահմանի, մեր դիվանագիտության անճարակության եւ այլնի վերաբերյալ: Օրինակ՝ «պապս թողել է իր հողը, տունը, բա ես իմ պապի տունն ումի՞ց եմ պահանջելու», «թուրքերը մեզանից ավելի շատ են վախենում, քան մենք նրանցից», «մենք լոկ պտտվող օղակի մասնիկն ենք եւ ոչ թե օղակ պտտեցնողը», «ամբողջ աշխարհում հայերն իրենց տեղն ունեն, մենք ամեն ինչ կարող ենք արտահանել, ուժեղ ազգ ենք», «թուրքը մնում է թուրք»:
Քննարկումը տեւեց 80 րոպե, էկրաններին հայտնվեց մասնակիցների 268 միտք, տեսակետ, արտահայտություն: Հետո եկավ 5 սցենարների միջեւ ընտրության ժամանակը: Այս սցենարներից ընդամենը մեկն էր ենթադրում փակ սահման: Մոտ 200 ներկաների պարագայում 72 քվեով նախընտրելի համարվեց «Քայլ ձիով» տարբերակը՝ Հայաստանին դիվանագիտության ոլորտում հաջողվում է իրարից անջատել Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-թուրքական երկխոսության գործընթացները, Հայաստանը, փոխկապակցելով իր շահերը գերտերությունների հետ, ի վիճակի է լինում հասնել տնտեսական շահերի առաջմղմանը՝ առանց քաղաքական առանցքի թուլացման: Մեր երկրին հնարավորություն է ընձեռվում Թուրքիայի արեւելյան, հիմնականում՝ քրդաբնակ հատվածին հաղորդել «վիճելի» կարգավիճակ: Ամենաիրատեսականը, սակայն, ճանաչվեց «Լուռ ապաշրջափակում» սցենարը՝ 52 քվե. սահմանի բացումը, հայ-թուրքական երկխոսությունը իրական տեղաշարժեր չի բերում, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի արծարծումները խիստ քննադատության են ենթարկվում միջազգային քաղաքական-վելուծական կենտրոննների եւ լրատվամիջոցների կողմից: Այդ դեպքում թեեւ սահմանի բացումը Հայաստանի սահմանային շրջաններում որոշ աշխուժացման է բերում, սակայն էական ազդեցություն չի թողնում բնակչության վրա, մեծացնում է միայն գործող տնտեսվարողների (իմա՝ օլիգարխների) շահույթները:
Այս քվեարկությունները բացահայտեցին երկու բան՝ քննարկմանը ներկա դիլիջանցիները հասկացել են, որ սահմանի բացման եւ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների հարցը լուծվելու է, սակայն Հայաստանի հասարակ ժողովրդին դրանից այնքան էլ օգուտ չի լինի: