Հոկտեմբերի 1-ին Վանաձորի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 12 մարդ՝ աղիքային երեւույթներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Ըստ նույն աղբյուրի, նախնական ախտորոշումը սննդային թունավորումն է: Ավելի ուշ հիվանդների թիվը հասել է 20-ի:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները սեպտեմբերի 29-30-ը «Մաքսբուրգեր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում կերել են հավի մսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել՝ բարձր ջերմություն, ցավ որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, դող, լուծ:
Առողջապահության նախարարության մասնագետների կողմից «Մաքսբուրգեր» ընկերությունում կազմակերպվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում հայտնաբերվել է, որ սնկով եւ հավի մսով աղցանը համեմվել է տեղում պատրաստված մայոնեզով, որի բաղադրիչ մասը տնային պայմաններում ստացված կովի կաթն է, ինչպես նաեւ արձանագրվել են այլ խախտումներ: