Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հոկտեմբեր 03,2009 00:00

«Դուք մի մոռացեք, որ մենք պատերազմ ենք տեսել, եւ մեր սոցիալական խնդիրների մեջ հիմնականը այն մարդկանց կենսաթոշակների հարցն է, որոնք պատերազմական գործողությունների են մասնակցել, բայց որեւէ փաստաթուղթ չունեն»,- երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ քաղաքացիների կողմից իրեն ուղղված բողոքներին, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Ըստ նրա, արցախցիների բողոքները հիմնականում սոցիալական բնույթի են: «Panorama. am»-ի հաղորդմամբ, Յու. Հայրապետյանին դիմում են նաեւ բնակարանային իրավունքի խախտման հարցերով: Կան բողոքներ նաեւ ոստիկանության համակարգի վերաբերյալ. հիմնականում՝ քննության կազմակերպման գործընթացում առկա խախտումների մասին: Ասուլիսին ներկա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը, լրագրողներից մեկի հարցին, իր տեսակետը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Ինձ համար տարօրինակ է քննարկումների ուղղվածությունը, որովհետեւ կան խնդիրներ, որոնք այլընտրանք չունեն: Ամեն համակարգ պետք է իր բնականոն վիճակում լինի, սահմանի բնականոն վիճակը բաց լինելն է»: Ըստ պաշտպանի, բաց համակարգերն ունեն ռիսկ, որտեղ կարելի է եւ կորցնել, եւ ձեռք բերել. «Այս պարագայում կարեւորը բաց համակարգում ավելի տոկուն եւ մրցունակ լինելն է»:

Ինչ վերաբերում է նախաստորագրված Արձանագրություններին, ապա պաշտպանն ասաց, որ միջազգային իրավունքի մասնագետ չէ, իսկ պատմաբանների ենթակառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ էլ միանշանակ մոտեցում չունի: «Ես 2 կողմերին էլ լսել եմ, պետք է անկեղծ լինեմ, միանշանակ վերաբերմունք չունեմ: Նրանց եմ լսում՝ նրանց եմ հավատում, նրանց եմ լսում՝ նրանց եմ հավատում»,- ասաց պաշտպանը: Կարսի պայմանագրի վերաբերյալ շահարկումներ անողներին ՄԻՊ-ը հիշեցրեց, որ ՀՀ-ն իրեն հռչակել է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, որը մի քանի անգամ հաստատել է Կարսի պայմանագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել