Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվո՞ւմ են ռուսալեզու մասնագետներից

Հոկտեմբեր 03,2009 00:00

Այս օրերին Լեզվի պետական տեսչությունը հանրապետության պոլիկլինիկաներում ստուգումներ է անցկացնում:

Տեսուչները ստուգում են, թե պոլիկլինիկաների բժիշկներն ինչ լեզվով են լրացնում փաստաթղթերը եւ գրում դեղատոմսերը: Նրանք եթե անգամ մեկ տառ են հայտնաբերում այլ լեզվով՝ հիմնականում ռուսերեն գրված, արձանագրություն են կազմում եւ դիմում վարչական դատարան՝ տուգանելու համար: Եվ քանի որ բժիշկների մի սերունդ ռուսական կրթություն է ստացել, ուստի այսօր շատ բժիշկներ դեղատոմսերն ու փաստաթղթերը լրացնում են հենց այդ լեզվով: Նման խնդիրներից խուսափելու համար շատ պոլիկլինիկաների ղեկավարներ նախընտրել են ազատվել «ռուսալեզու» մասնագետներից, քան թե նրանց պատճառով խոշոր տուգանքներ վճարել:

Այս առնչությամբ Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նման ստուգումներ մենք անց ենք կացնում ոչ միայն համաբուժարաններում (պոլիկլինիկաներում), այլեւ շատ կազմակերպություններում: Եթե մենք «Լեզվի մասին» օրենքի խախտում ենք հայտնաբերում՝ արձանագրություն ենք կազմում, եթե կազմակերպությունը 3 օրվա ընթացքում վերացնում է առաջացած խնդիրը, մենք այն չենք ուղարկում դատարան, իսկ եթե՝ ոչ, ապա մենք այն ուղարկում ենք վարչական դատարան, որն էլ լսումներից հետո նիստ է անում եւ որոշում կայացնում 50-200 հազար դրամի շրջանակներում տուգանք նշանակելու մասին»:

Մեր հարցին, թե տեղյա՞կ է տեսչության պետը, որ այս ստուգումների արդյունքում շատ բուժաշխատողների սպառնում է աշխատանքից ազատում, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ միջոցներ են կիրառում, բայց ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է եւ մեր երկրի քաղաքացիները պարտավոր են ուսումնասիրել հայերենը»: Հարցին էլ, թե պոլիկլինիկաներում ստուգումներ անելուց հաշվի չեն առել այն, որ խորհրդային ժամանակաշրջանում Բժշկական համալսարանում եղել է նաեւ ռուսական ֆակուլտետներ, տեսչության պետը գրեթե նույն պատասխանը տվեց եւ ավելացրեց, որ իրենք 1998 թվականից ունեին ծրագիր «Հայերեն՝ ոչ հայախոսների համար», որին բոլորը կարող էին մասնակցել, այն անվճար էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել