Եզակի ծառատեսակներով անտառպուրակը կոչնչացնեն «հանուն» զվարճանքի օբյեկտների
Մայրաքաղաքի այգիներն ու կանաչ գոտիներն օտարելուց ու վաճառելուց հետո, ՀՀ իշխանություններն այժմ էլ սկսել են երեւանամերձ կանաչ տարածքներին աչք դնել: Վերջերս կառավարությունը որոշել է Ջրվեժի անտառպուրակից, որտեղ աճում են բացառիկ բույսեր, մասնավորապես՝ ղրիմյան սոճիներ, 21,76 հա օտարել եւ հատկացնել Ողջաբերդ համայնքին: Կառավարության այս որոշումը հարուցել է մի շարք բնապահպանների դժգոհությունը, քանի որ սոճիների պուրակը Հայաստանում եզակի է, եւ այն հանձնել ինչ-որ գյուղապետարանի խնամքին, ըստ բնապահպանների, պարզապես անթույլատրելի է: Նրանց ներկայացմամբ, գյուղապետարանին արդեն հանձնարարված է՝ տարածքը ստանալուց հետո աճուրդի հանել: Բնապահպանները վստահ են, որ սոճիների պուրակին աչք են դրել բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդեն ծրագրել են տեղում օբյեկտներ կառուցել: Մասնագետների ներկայացմամբ, այդ պուրակը նախեւառաջ մայրաքաղաքի եւ շրջակա բնակավայրերի համար շատ կարեւոր նշանակություն ունի: «Պուրակը օդը մաքուր է պահում, քանի որ շրջակայքի փոշին շատ լավ կլանում է: Առանց այն էլ բազմաթիվ կանաչ տարածքներ են վերացրել ու քաղաքը ռեստորանա-հյուրանոցախեղդ են արել: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկն այդ հատվածը գնի, ծառերը ոչնչացնի ու տեղում օբյեկտ կառուցի: Մենք կրծքով ենք կանգնելու դրա դեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայկական բուսաբանական ընկերության» ղեկավար Էլեոնորա Գաբրիելյանը:
Նշենք, որ բնապահպանության նախարարությունը 2007-2008 թթ. Ջրվեժի անտառպուրակի սահմանները ճշգրտելու համար չափագրումներ է արել, որից հետո էլ 21,76 հա տարածքը չի ներառել պուրակի տարածքի մեջ, սակայն որպեսզի պուրակի տարածքը մնա հենց 400,43 հա, նախարարությունը դիմել է հնարամտության՝ պուրակի մեջ է ներառել ոչ թե հենց արժեքավոր սոճուտը, այլ քարքարոտ ու ամայի տարածք:
Նախարարությունն իր այդ քայլով խախտել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» եւ Օրհուսի կոնվենցիաները: ՀՀ հողային օրենսգրքի 14-րդ գլխի 60-րդ հոդվածը, որով արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք համարվում են ազգային զբոսայգիներ, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիներ:
Եվ քանի որ Ջրվեժի անտառպուրակը համարվում է ծառաբանական զբոսայգի, ուստի նախարարությունը, այգու տարածքում սոճուտը չներառելով, խախտել է օրենքը, կառավարությունն էլ՝ արհամարհել է Հողային օրենսգիրքը: Իրեն արդարացնելու համար նախարարությունը բնապահպաններին ուղղված պարզաբանման մեջ ինչ պատճառաբանություն ասես, որ չի ներկայացրել՝ պուրակը սողանքային գոտի է, ցանկապատված չէ եւ այլն:
Մեզ հետ զրույցում Բուսաբանական ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Ոսկանյանն ասաց. «Նրանք խաբել են կառավարությանը, ասել են՝ տարածքն աղբանոց է, իբր թե չի կառավարվում, դրա համար էլ տալիս են համայնքին, որ Ողջաբերդն էլ, իբր թե, տիրություն անի: Բայց համայնքին որտեղի՞ց այդքան գումար, որ խնամի: Օտարված սոճուտը ամենալավ աճած ու խնամված հատվածն է ու դրա համար հատուկ խնամք է պետք, ինչը գյուղապետարանը չի կարող անել: 30 տարի հատուկ մասնագիտական մոտեցում է եղել, հիմա ողջ աշխատանքը ջուրն են գցում: Մութ ու ցուրտ տարիներին գիշերները հսկում էի, որ ոչ մի ծառ չհատվի, իսկ հիմա կառավարությունը որոշել է օտարել, ինչին կհետեւի ռեստորանի կամ հյուրանոցի շինարարությունը: Սոճուտի կարգավիճակը կիջեցնեն ու ջրի գնով կվաճառեն»: Բնապահպանները նաեւ զարմացած են, թե ինչո՞ւ նախարարության կենսառեսուրսների պահպանության գործակալությունը, որը պետք է կանխեր սոճուտի օտարման գործընթացը, դեռ մի բան էլ համաձայնություն է տվել:
Նշենք, որ Ջրվեժի անտառպուրակի քարտեզագրման աշխատանքները կատարվել են նախկին տնօրեն Աշոտ Ավալյանի օրոք: Նա այժմ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Նկատենք, որ հենց պարոն Ավալյանի թեթեւ ձեռքով է 21, 76 հա սոճուտը «դուրս մնացել» պարկի տարածքից: Մեր տեղեկություններով, Ա. Ավալյանը աչք է դրել ղրիմյան սոճիների տարածքի վրա: Այս առնչությամբ պարոն Ավալյանն «Առավոտին» ասաց. «Պուրակի 400 հեկտարը պետք է ճշգրտվեր եւ սահմանվեր: Խնդիրն այն է, որ 21 հա տարածք կա, որ պետք է ավելացվի 400-ին: Այն ժամանակ խնդրահարույց 21 հա տարածքը Ջրվեժի անտառպուրակի տարածքը չի եղել»: Մեր հարցին, եթե սոճուտը պուրակի տարածքը չի եղել, ապա ինչո՞ւ էին հատուկ խնամք տարել, պարոն Ավալյանն ասաց. «Բա ի՞նչ անեինք, ծառեր էին, չջրեի՞նք: Հիմա այդ խնդիրը քննարկման փուլում է եւ եթե անհրաժեշտություն լինի սոճուտը ներառել անտառպուրակի տարածքում, ապա այդպես էլ կարվի»:
Ինչ վերաբերում է նրան, որ սոճուտի վրա աչք է դրել հենց ինքը, ապա Ա. Ավալյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Նման մտադրություն չունեմ, բայց կուզեի, որ ինձ նման առաջարկություն արվեր»:
Բնապահպանները դիմել են կառավարությանը որոշումը վերանայելու: Վարչապետը հանձնարարել է հասարակական լսումներ կազմակերպել: