2009-ի հունվար-օգոստոս ամիսներին պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 323,4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր՝ 75,5%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ 44,1%-ով՝ տարեկան ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության պաշտոնական կայք-էջից: Աղբյուրի փոխանցմամբ, հարկերի ու տուրքերի 46,4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 8,3%-ը՝ ակցիզային հարկի հաշվին, 17,8%-ը՝ շահութահարկի, իսկ 11,6%-ը՝ եկամտահարկի հաշվին: Ընդհանուր առմամբ, պետբյուջեի եկամուտների 77,8%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15,8%-ը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,7%-ը՝ այլ եկամուտների եւ 0,7%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Նշված ժամանակահատվածում պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ 415,5 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 494,5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի եկամուտները նվազել են 14%-ով կամ՝ 67,8 մլրդ դրամով: