Երեկ հանրապետության տարբեր մարզերից հայտնաբերվել եւ առգրավվել է «Շանթ էլիտ» ընկերության կողմից ապօրինի շահագործվող 17 տրանսպորտային միջոց: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ-Դավիթաշեն բաժնում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ պետք է արգելվեր շուրջ 120 տրանսպորտային միջոցների շահագործումը, որոնք պատկանում են «Շանթ+» եւ «Մավա Իմպուլս» (հայցվոր) ընկերություններին, սակայն օգտագործվում էին Վարշամ Ղարիբյանի (պատասխանող) կողմից: Բոլոր տրանսպորտային միջոցները հարկադիր կատարողների կողմից արգելադրված, կապարակնքված եւ ի պահ են հանձնված եղել պատասխանող կողմի ներկայացուցիչներին: Սակայն, խախտելով օրենքը, ընկերությունը շարունակում էր շահագործել դրանք, ինչն էլ դարձավ տրանսպորտային միջոցների առգրավման պատճառ: