Արդեն մի քանի օր է՝ ինչ Հայաստան ներկրվող դեղորայքը վաճառվում է նախկինից 10-30% թանկ գներով: Ինչպես հաճախ մեր երկրում արվում է, այս դեպքում եւս, ըստ որոշ տեղեկությունների, դեղորայք ներկրող ընկերությունները հակամրցակցային համաձայնության են եկել եւ անօրինական կերպով բարձրացրել են գները: «Առավոտը» փորձեց հենց ներկրողներից պարզել թանկացման պատճառը: Մեզ հետ զրույցում դեղորայքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ալֆա-ֆարմ» ընկերության վաճառքի բաժնի մենեջեր Դավիթ Խաչատրյանը ասաց. «Բոլոր եվրոպական արտադրող ընկերությունները այս սեզոնին գները բարձրացնում են: Հաշվի առնելով, որ ամառը դեղերի վաճառքը նվազում է՝ զեղչեր են արել, իսկ հիմա արդեն զեղչեր չկան, եւ կտրուկ թանկացում է արձանագրվել: Ամեն տարի նույն բանն է լինում: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաեւ տարադրամի թանկացումը: Դոլար-դրամի աչքի ընկնող փոփոխություն է տեղի ունենում, ինչպես նաեւ թանկանում է եվրոն, որոնք եւս անդրադարձել են դեղորայքի գնի վրա»: Ինչ վերաբերում է նրան, որ ներկրողները ներքին պայմանավորվածություն ունեն, պարոն Խաչատրյանն ասաց. «Գուցե տպավորությունն այդպես լինի, որովհետեւ բոլոր ներկրող ընկերությունները ողջ տեսականին գրեթե նույն գործարաններից են բերում: Ասենք՝ «Նիկոմեդը» նույն ֆիրմայից են բերում, ֆրանսիական դեղերն էլ նույն գործարանից են բերում: Դա ընդամենը տպավորություն է»: Դ. Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենց դեղատներում վաճառվող դեղորայքի մի մասը 10-20%-ով է թանկացել, որոշ տեսականի ընդհանրապես չի թանկացել, իսկ մի մասն էլ՝ անգամ էժանացել է:
«Լագի» ընկերության փոխտնօրեն Էմմա Մելքոնյանն էլ գնաճը պայմանավորեց դոլարի թանկացմամբ. «Մենք կոնկրետ աշխատում ենք ամերիկյան ֆիրմայի հետ եւ վճարումները կատարում ենք դոլարով: Բնականաբար, ինքնարժեքը հաշվելիս՝ պետք է նկատի ունենանք օրվա կուրսը եւ մի 5-10 դրամ էլ ավելի հաշվարկենք, որովհետեւ չգիտենք, թե մեր վճարման պահին որքան կլինի կուրսը: Լինում են դեպքեր, երբ հաշվարկում ենք ավելի ցածր կուրսով, քան վճարման պահին լինում է կուրսը»: Նշենք, որ «Լագին» սեփական դեղատների համար եվրոպական արտադրության դեղորայք է գնում նաեւ հայկական ներմուծողներից: Է. Մելքոնյանի հավաստմամբ, այդ դեղերն արդեն գնում են նախկինի համեմատությամբ ավելի թանկ: Թե թանկացումը ներմուծողները ինչպես են հիմնավորել՝ փոխտնօրենն ասաց. «Դա հասկանալի բան է բիզնեսում, ռիսկերն աճում են, քանի որ մեր երկրում ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի: Բոլոր ռիսկերը, կապված արտարժույթի փոխարժեքի, բանկային եւ մաքսային համակարգերի հետ, գործարարների վրա են, դրա համար էլ բոլորը ստիպված են ինչ-որ բաներ ավելի թանկ հաշվարկել, որպեսզի հետո իրենց գրպանից չվճարեն»:
«Նատալի ֆարմ» ընկերությունից էլ «Առավոտին» պարզաբանեցին. «Մինչեւ հիմա դեղերը վաճառվում էին ինքնարժեքով կամ՝ ցածր: Դրա պատճառը մրցակցությունն է եւ արտարժույթի թանկացումը: Դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ ապրանքը հիմնականում ներկրվում է դրսից: Մինչեւ հիմա ճգնաժամի պատճառով աշխատել ենք զրոյական եկամտով: Դոլարի թանկացումից հետո նոր ներմուծում ենք արել եւ, բնականաբար, չէինք կարող նախկին գներով վաճառել: Մատակարար ֆիրմաները անցել են եվրոյով գործարքների, սակայն եվրոն եւս շատ արագ տեմպերով թանկանում է: Ինչ վերաբերում է ներկրողների ներքին համաձայնությանը, ապա դա այդպես չէ: Շուկայում 2 հոգի չեն, որ պայմանավորվեն, այլ 20-25 ներկրող»: