Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Բաղդասարյանի առաջարկներն ընդունվեցին

Հոկտեմբեր 03,2009 00:00

ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կակտիվանա. կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ:

Բրեստում սեպտեմբերի 30-ին կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի 19-րդ նիստում միաձայն ընդունվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի երեք առաջարկությունները:

Ըստ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության, առաջին առաջարկը վերաբերել է ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցությունն ակտիվացնելուն: ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին հանձնարարվել է հերթական նիստի ժամանակ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, պատրաստել փաստաթղթերի փաթեթ, որոնցով կնախանշվեն համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մեխանիզմները: Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում կան մեծ թվով ձեռնարկություններ, որոնք շահագրգիռ են իրականացնել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն, խթանել համատեղ արտադրությունը՝ զարգացնելու ռազմաարդյունաբերական համալիրը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայկական կողմն այս խնդրի լուծման նպատակով մշակել է առաջարկների ամբողջական փաթեթ:

Առաջարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում համակարգված տեղեկատվական քաղաքականության ձեւավորման ուղղությամբ գործնական քայլեր կատարել: «Հայաստանում արդեն մշակվել եւ հավանության է արժանացել տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Տեղեկատվական անվտանգության համակարգը զարգացնելու համար անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել միասնական ծրագիր, որը ենթադրում է տեխնիկական պաշտպանվածության լրացուցիչ երաշխիքներ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է համատեղել ջանքերը ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործում: Որոշվել է մշակել միջպետական նպատակային ծրագիր, որը հնարավորություն կտա պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության համակարգի կադրերին վերապատրաստում անցնել ՀԱՊԿ շրջանակում:

Հայկական կողմի առաջարկով նիստում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից զինատեսակներով ու ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությանը հանձնարարվել է մշակել միջպետական նպատակային ծրագիր:

Նշված առաջարկներն ամրագրվել են ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի որոշումներում: Նիստում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի համատեղմանը վերաբերող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել