Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ԱՊԱԳԱՅԻ՞ ՀԱՐՑՆ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, ԹԵ՞ ԼՂ-Ի

Հոկտեմբեր 03,2009 00:00

Հայ-ադրբեջանական բանավեճերին հետեւելով՝ այս հարցն են տալիս անգամ ԵԽԽՎ թուրք պատվիրակները

\"\"
Հուսեյնովը կենսագործում է «ոջիլի մասին» զավեշտը:

Երբեք հնարավոր չէ գուշակել, թե ինչ հարցի քննարկման ընթացքում ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ ամբիոնը կօգտագործեն Հայաստանի հետ իրենց հաշիվները պարզելու համար: Ասենք, սեպտեմբերի 29-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր «Մշակութային կրթություն. մշակութային գիտելիքների, ստեղծագործության եւ միջմշակութային հաղորդակցության զարգացումը կրթության միջոցով» զեկույցը՝ Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հերթագրվել էր ելույթի համար, ու պատրաստվում էր էլի խոսել «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի», 1 մլն փախստականների եւ տեղահանվածների մասին՝ նշելու համար. «Մշակույթը եւ մշակութային հարստությունը ամենամեծ հարվածը ստացավ այդ ագրեսիայի հետեւանքով: Մշակույթի տասնյակ հազարավոր հուշարձաններ կա՛մ ավերվեցին, կա՛մ գրավվեցին: Անհանդուրժելի է, որ Հայաստանը դեռ շարունակում է իր հակամշակութային քաղաքականությունը: Բացի այդ՝ այժմ ադրբեջանական ֆոլկլորի որոշ գլուխգործոցներ, ինչպես նաեւ գորգագործության ու երաժշտության հայտնի գործեր հայկականացվում են: Ավելի՛ն՝ այնպիսի աշխարհահռչա՜կ կոմպոզիտորների՝ ինչպիսիք են Ուզեիր Հաջիբեյովը, Կարա Կարաեւը, Թովիկ Գուլիեւը, ստեղծագործությունները տարածվում են որպես հայկական մշակույթի նմուշներ»: Շարունակությունն էլ նույն ոգով էր լինելու, բայց պրն Հուսեյնովի հերթը չհասավ, եւ նրա այս ելույթն ուղղակի ներառվեց նիստի արձանագրության հավելվածի մեջ:

Սեպտեմբերի 30-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր այն հարցը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեջ պիտի լրացուցիչ ամրագրվի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը՝ Ռաֆայել Հուսեյնովի հերթն արդեն հասավ: Ու նա էլի նույն ոճով դժգոհեց, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացիան ծանր վնաս է հասցնում նաեւ իրենց շրջակա միջավայրին՝ իրենց դեմ նաեւ էկոլոգիական պատերազմ է մղվում. «Հայաստանը թմրամիջոցներ է աճեցնում, միջուկային թափոններ թաղում իրենց կողմից օկուպացված տարածքներում, քիմիական ու ռադիոակտիվ տարրերով հեղեղում գետերը», իսկ վերջերս էլ՝ հաճախ հրկիզում այդ տարածքները: «Ադրբեջանցիների իրավունքը՝ ապրելու առողջ շրջակա միջավայրում, կանխամտածված ու պարբերաբար ոտնահարվել է Հայաստանի կողմից»,- բացականչեց Հուսեյնովը: Ավելի՛ն՝ նշեց, թե Հայաստանը «նաեւ վտանգում է իր ժողովրդի ապագան՝ խախտելով սեփական երկրի էկոլոգիական հավասարակշռությունը»: Այստեղ տեղին է «նույնիսկ փչացած ժամացույցը օրվա մեջ մի անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս» ասացվածքը:

Իսկ ընդհանրապես՝ ադրբեջանցիների ելույթներում 20 տոկոսի եւ 1 մլնի մասին այս կրկներգը հիշեցնում է մեկ այլ հայտնի պատմություն՝ ուսանողի մասին, որը միայն ոջիլի վերաբերյալ դասը գիտեր, եւ ինչ այլ կենդանու մասին էլ հարցնեին՝ էլի նրա վրա ոջիլ էր «գտնում» ու պատմում իր իմացածի մասին:

ԵԽԽՎ-ում կարծես արդեն վարժվել են ելույթների այդ կրկներգին, եւ, որպես կանոն, չեն արձագանքում դրանց: Բայց սեպտեմբերի 30-ի վերոհիշյալ քննարկման ժամանակ զեկուցողը՝ Մենդես Բոդան, հպանցիկ անդրադարձավ Հուսեյնովի ելույթին, նշելով, թե ինքը ցավում է, որ Ադրբեջանը խնդիրներ ունի Հայաստանի հետ. «Հուսով եմ, որ ապագայում լուծում կգտնվի, որպեսզի նույնիսկ էկոլոգիական առումով նման մեղադրանքներ չլսենք»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն էլ մինչեւ վերջերս գերազանցապես չէր հակադարձում ադրբեջանցիների նման ելույթներին: Սակայն ի վերջո նպատակահարմար գտան, որ ադրբեջանցիներին պետք է պատասխանել իրենց իսկ ոճով: Ասենք, հոկտեմբերի 1-ի առավոտյան քննարկվում էր զեկույց «ՄԱԿ-ի բարեփոխումների եւ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների» մասին: Հերթագրվածների ցանկում էին նաեւ մեր պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Զոհրաբյանը, որոնց հերթը չհասավ: Ըստ արձանագրության հավելվածում հրապարակված նրանց ելույթների՝ երկուսն էլ անդրադարձել էին ԼՂ խնդրին: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ աշխարհի որոշ մասերում ՄԱԿ-ի ներկայությունը երեւութական է. «Լեռնային Ղարաբաղը փաստացի աշխարհի միակ անկյունն է, որտեղ ՄԱԿ-ի գործակալություններն ակտիվ չեն՝ չնայած դրա կենսական անհրաժեշտությանը»: Հետո անդրադարձել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերը երկար տարիներ օգտագործվել են Ադրբեջանի կողմից, «որպեսզի զրպարտչական հայտարարություններ արվեն Հայաստանի եւ ԼՂ-ի հասցեին: Ադրբեջանի այս ուղղորդված ու նպատակային պետական քաղաքականությունը ուղղված է հայերից ձեւավորելու թշնամու կերպար՝ սեփական հանրության համար, եւ հանցագործներ՝ միջազգային հանրության համար»:

Նաիրա Զոհրաբյանն էլ նախապատրաստվել էր անդրադառնալ Ադրբեջանի «արմենոֆոբիայի» քաղաքականությանը. «Եվ եթե այսօր մենք խոսում ենք բարեփոխումների եւ միջազգային այնպիսի կարեւոր կազմակերպության մասին, ինչպիսին ՄԱԿ-ն է՝ կարծում եմ, արդեն վաղուց էր պետք կանգնեցնել Ադրբեջանը, որի ներկայացուցիչները՝ սկսած պետության առաջին դեմքերից, ընդհանուր ոչինչ չունեն այն հիմնարար արժեքների հետ, որոնք գերակա են այս եւ միջազգային այլ կազմակերպությունների համար»:

սՀոկտեմբերի 1-ի երեկոյան, երբ արդեն քննարկվում էր «Եվրոպայի խորհրդի ապագան՝ իր 60-ամյա փորձառության լույսի ներքո» հարցը՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթի հերթը հասավ: Նրանից առաջ խոսել էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, որի ելույթի մեծ մասն իրոք խնդրո առարկայի մասին էր, բայց այնուամենայնիվ՝ վերջում նշեց, «Ես ողջունում եմ այս կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2005-ին ընդունված բանաձեւի համար, որտեղ Եվրոպայի խորհուրդը ցանկություն հայտնեց տեսնել իմ երկիրն ազատ ու առանց անջատողականության, ահաբեկչության եւ մարդու իրավունքների ոտնահարումների»: Որպես արձագանք՝ Նաիրա Զոհրաբյանը մինչ իր ելույթը սկսելն ասաց. «Ղարաբաղը երբե՛ք չի եղել Ադրբեջանի մաս՝ թե՛ դուք, թե՛ ձեր պետությունը պիտի հաշտվեք այդ իրողության հետ»: Եվ հետո էլ՝ անցնելով արդեն բուն ելույթին, խոսեց Եվրոպայի խորհրդի ապագայի մասին ու նշեց, որ այն հիմնված է լինելու մարդու իրավունքների հիմնարար արժեքի վրա. «Եվ ես կրկին իմ գործընկերների ուշադրությունն եմ ուզում հրավիրել Լեռնային Ղարաբաղում իրականացվող ժողովրդավարական գործընթացների վրա։ Հանրապետություն, որը գտնվում է ԵԽ-ի տարածքում, բայց որի միակ «մեղքը» միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված լինելն է։ Ես այսօր խոսում եմ ԼՂՀ ժողովրդի անունից, որի միակ ցանկությունն իր երկրում խաղաղ եւ անվտանգ ապրելն է։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԼՂՀ-ն, չլինելով ԵԽ-ի անդամ, կամավոր ստանձնել եւ իրականացրել է ԵԽ-ի բազմաթիվ պարտավորություններ»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հայտարարեց, թե ԵԽ անդամ շատ երկրների համար ուղղակի օրինակելի կարող է լինել ԼՂՀ օրենսդրությունը. «Եվ երբ մենք այսօր խոսում ենք Եվրոպայի խորհրդի ապագայի մասին ու ինքներս մեզ հարց ենք տալիս՝ ունի՞ արդյոք մեր ընտանիքն ապագա՝ դրա պատասխանը կարող է լինել մեկը՝ այո՛, ունի, եթե մեր կառույցի գերակա շահը միշտ մնա մարդու իրավունքը։ Ունի՛, եթե ունենանք համարձակություն՝ ընդունելու, որ ինքնորոշման իր արդար իրավունքը իրացրած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւս ունի նույն իրավունքները, ինչ որ այստեղ նստածներիցս յուրաքանչյուրը»:

Այս ելույթից հետո վարման կարգի համար ձայն խնդրեց Թուրքիայի պատվիրակ Օզլեմ Թյուրքոնեն եւ ԵԽԽՎ նախագահից հետաքրքրվեց. «Չե՞ք ասի, թե ինչ է իրականում այս քննարկման անունը: Խոսքը Եվրոպայի խորհրդի՞ ապագայի մասին է, թե՞ ԼՂ հակամարտության»: Ի պատասխան նիստը նախագահողը միայն ասաց. «Հարցը վարման կարգի մասին չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել