Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս հրաժարական չեմ տա»

Հոկտեմբեր 03,2009 00:00

ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ, կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը սեպտեմբերին պնդում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վարչությանն ուղղված իր նամակում նշել է. «Այսօր ես ստիպված եմ տալ իմ քաղաքական կյանքի վերջին հրաժարականը», եւ լքում է «Ժառանգության» շարքերը: «Աստված է վկա, որ այդ նամակը կա, եւ մենք կարդացել ենք»,- ասում էր նա ու վստահեցնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս ընդհանրապես չի վերադառնալու Հայաստան:

Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց արդեն Հայաստանում է, մնում է կուսակցության անդամ, չի հեռացել քաղաքականությունից, եւ երեկ «Ուրբաթ» ակումբում «Առավոտը» փորձեց պարզել՝ այնուամենայնիվ ի՞նչ էր գրել նա իր այդ նամակում: Պատասխանից առաջ նա խորը հոգոց հանեց. «Օ՜հ, սերիալներով տարվող ազգ ենք դարձել, ու սա քաղաքական սերիալի է նմանվում՝ իր բոլոր ողբերգական երանգներով»: Հետո հավելեց. «Ինչ վերաբերում է իմ անձնական նամակների մեկնաբանմանը՝ երեւի ամեն մեկը հուզված էր, ամեն մեկն այդ հույզի եւ դյուրագրգռության վիճակում յուրովի է մեկնաբանել: Իսկ ես գրել եմ՝ դուք համարեք, որ այլեւս հրաժարական չի լինելու. սա, ինչ որ դուք տեսել եք՝ իմ վերջին հրաժարականն է: Այսինքն, դուք ինձնից հրաժարական չե՛ք տեսնի սրանից հետո: Ամեն մեկն՝ իր համար: Եվ այնտեղ կուսակցությունից հեռանալու, չգիտեմ այլ բաների մասին խոսք չկար: Շատ հետաքրքիր է, որ ամեն մեկն այդ համապարփակ նամակը յուրովի էր մեկնաբանում եւ հատվածներ էր վերցնում, բայց այդտեղ հիմնական գրվածը ուղղված էր բոլոր-բոլորին, առա՛նց բացառության՝ անուններո՛վ: Եվ իրենց պատասխանատվության մասին էր խոսքը՝ ոչ միայն իմ գնահատանքը իրենց քաղաքացիական պահվածքի, իրենց ազգային պայքարի, իրենց մարտունակության, իրենց հասարակական իմաստի մասին, այլ իրենց պատասխանատվության մասին, ու նրա մասին, որ նրանցից յուրաքանչյուրը խախտեց պատասխանատվության այդ հրամայականը»: Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ նամակում ոչ միայն վրդովմունք է արտահայտել, այլեւ բացառում. «Ես ինձ բացառեցի այդ գործելաոճից, այդ ցեխարձակումներից, որոնցով այդ օրերին այդ մարդիկ փայլում էին: Եվ ես ասացի, որ նժարի վրա արդեն «Ժառանգության» ապագայի խնդիրն է, որը մենք միասին պետք է լուծենք, բայց դուք եւս պետք է մասնակից լինեք:

Եվ ամեն մեկը փոխանակ իր վրա վերցնի այդ խոսքը՝ մյուսի վրա է գցում, ձեռքի հետ էլ ինձ է մեկնաբանում: Ես այլեւս հրաժարական չե՛մ տալու»:

Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է պահանջել, որ 2010-ի սկզբին գումարվի «Ժառանգության» արտահերթ համագումար եւ լինեն նոր ընտրություններ. «Օրակարգում կդրվեն ոչ միայն այս գլոբալ, համապետական մարտահրավերները, այլ հիմնովին կլուծվեն «Ժառանգությանն» այցելած այս վերջին շրջանի ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրները: Ես պահանջելու եմ այդ համագումարը՝ այնտեղ նաեւ դրվելու է իմ պատասխանատվության եւ իմ վստահության խնդիրը: Եվ ես անդրադառնալու եմ բոլորի վարքին»: Հարցին, թե ձգտում ունի՞ վերականգնել իր դիրքերը «Ժառանգության» վարչության ղեկավարի պաշտոնում՝ պատասխանեց. «Նման անմիջական ձգտում չունեմ, բայց չեմ էլ բացառում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել